Իսրայել Կացն սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին և խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և ռազմական ու ուժային ղեկավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է The Times of Israel-ը։

Քննարկման մանրամասները չեն բացահայտվում։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել Իրանի շուրջ պահպանվող լարվածության ֆոնին։

Ավելի վաղ Կացը նախազգուշացրել էր, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կգործի առանց սահմանափակումների և կհարվածի Իրանի ամբողջ ենթակառուցվածքին, ներառյալ՝ էներգետիկ օբյեկտներին։

«Նշաններ կան, որ ծանր տնտեսական ճնշումը, որի տակ գտնվում է Իրանը, ինչպես նաև ապստամբության և ռեժիմի անկման վախը կարող են նրան մղել հուսահատ քայլերի», — նախարարն ասել է պաշտպանության նախարարությունում հրեական Նոր տարվին նվիրված միջոցառման ժամանակ։

«Իսրայելի վրա Իրանի հարձակումը մեզ կազատի բոլոր սահմանափակումներից։ Մենք հարվածներ կհասցնենք ամբողջ ենթակառուցվածքին, ներառյալ՝ էներգետիկային, և Իրանին կվերադարձնենք քարե դար և խավար», — ասել է Կացը։

Նրա խոսքով՝ Իսրայելը «լավ պատրաստված է՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական առումով՝ իրադարձությունների ցանկացած զարգացման», իսկ ՑԱԽԱԼ-ը պատրաստ է կատարել առաջադրված խնդիրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *