Ինտրովերտների համար՝ մտքերը արտահայտելու, իսկ էքստրավերտների համար՝ ինքնաանդրադարձի միջոց. գիտնականներն ուսումնասիրել են անձի վրա ԱԲ-ի ազդեցությունը

Գեներատիվ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է տարբեր կերպ ազդել ինտրովերտների և էքստրավերտների վրա՝ օգնելով մեկին արտահայտել մտքերը, իսկ մյուսին՝ դանդաղել և ավելի լավ ինքնավերլուծություն անել: Ընդ որում, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ անհատականացված ԱԲ համակարգերն ունակ են ոչ միայն հարմարվել օգտատիրոջ խառնվածքին, այլև աստիճանաբար ազդել նրա ինքնընկալման վրա:

Դեռևս 1921 թվականին շվեյցարացի հոգեբույժ Կարլ Յունգն իր «Հոգեբանական տիպեր» աշխատությունում մարդկանց բաժանեց ըստ նրանց հետաքրքրությունների ուղղվածության՝ դեպի ներքին, սուբյեկտիվ աշխարհ կամ արտաքին օբյեկտներ ու իրադարձություններ։ Այսօր «ինտրովերտ» և «էքստրավերտ» հասկացություններն ավելի հաճախ օգտագործվում են շփվողականության աստիճանը նկարագրելու համար: Սակայն անձի ժամանակակից հետազոտությունները հիմնականում հենվում են «Մեծ հնգյակ» մոդելի վրա, որը ներառում է նոր փորձառությանը բաց լինելը, բարեխղճությունը, էքստրավերսիան, ընկերասիրությունը և նեյրոտիզմը:

Ընդգծված ինտրովերտ խառնվածք ունեցող մարդկանց համար գեներատիվ ԱԲ-ն կարող է յուրօրինակ միջնորդ դառնալ ներքին մտորումների և դրանք արտահայտելու միջև։ Օգտատերը կարող է մոդելին ներկայացնել դեռևս չձևավորված միտքը՝ առանձին դրվագներ, հակասություններ կամ կասկածներ, և ԱԲ-ի հարցերի ու ճշգրտումների օգնությամբ աստիճանաբար զարգացնել այն։ Սա թույլ է տալիս գաղափարը նախապատրաստել ուրիշների հետ քննարկմանը՝ առանց հավելյալ հոգեբանական ճնշման:

Էքստրավերտների դեպքում ԱԲ-ի դերը կարող է հակառակը լինել։ Նման մարդիկ հաճախ նախ շրջապատից հավաքում են բազմաթիվ կարծիքներ ու գաղափարներ, ապա փորձում դրանց մեջ առանձնացնել սեփական դիրքորոշումը: Այս պարագայում ԱԲ-ն ոչ այնքան լրացուցիչ տեղեկություն է տալիս, որքան օգնում է կանգ առնել ու կենտրոնանալ սեփական մտքերի վրա։ Օրինակ՝ նոր գաղափարներ գեներացնելու փոխարեն կարելի է նրան խնդրել այնպիսի հարցեր տալ, որոնք կօգնեն ինքնուրույն հստակեցնել սեփական դիրքորոշումը։

Հետազոտությունները վկայում են, որ օգտատերերն իսկապես կարող են նախընտրել իրենց բնավորությանը նմանվող ԱԲ-ին։ «Communications Psychology» ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ էքստրավերտներն ավելի հաճախ են նշել, որ հոգեհարազատ են համարում էքստրավերտներին բնորոշ շփման ոճով աշխատող ԱԲ-ին: Նույն աշխատության մեկ այլ գիտափորձում մասնակիցների 64%-ն ավելի ակտիվորեն է շփվել այն համակարգի հետ, որն արտացոլել է անձի նրանց պրոֆիլն ըստ «Մեծ հնգյակի», քան այն ԱԲ-ի, որը հակառակ գծերն է դրսևորել։

Այնուամենայնիվ, հետազոտողները «նման ԱԲ-ն ավելի լավն է» պարզ կանոնը չեն հաստատել: Մասնավորապես, ապացույցներ չեն գտնվել առ այն, որ ինտրովերտները նախընտրում են ինտրովերտ ԱԲ։ Հեղինակները ենթադրել են, որ կարճ տեքստային երկխոսության մեջ շատ ավելի դժվար է հստակ փոխանցել ինտրովերտությունը:

Այլ հետազոտություններ մատնանշում են էլ ավելի էական ազդեցության մասին. ԱԲ-ն կարող է ոչ միայն արտացոլել օգտատիրոջ տեսակը, այլև նպաստել դրա փոփոխությանը։ Ըստ CHI 2026 համաժողովում ներկայացված հետազոտության՝ ԱԲ-ի հետ անձնական թեմաներով զրույցներից հետո մասնակիցներն իրենց ինքնընկալումը նկարագրել են որպես համակարգի դրսևորած անձնային գծերին ավելի համապատասխան: Որքան երկար է տևել զրույցը, այնքան ուժեղ է եղել այդ համընկնումը: Ընդ որում, համընկնման մեծ աստիճանն ուղեկցվել է շփումից ստացած ավելի մեծ բավականությամբ։

Խնդիրը հատկապես ակնառու է դառնում, երբ ԱԲ-ն սկսում է չափազանց շատ համաձայնել օգտատիրոջ հետ։ «Science» ամսագրում 2026 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱԲ-ի՝ մշտապես հավանություն տվող վարքագիծը միջանձնային հակամարտությունների քննարկման ժամանակ կարող է արհեստականորեն մեծացնել մարդկանց վստահությունը սեփական ճշմարտացիության հարցում և նվազեցնել հաշտեցման քայլեր ձեռնարկելու նրանց պատրաստակամությունը: Սակայն հենց նման պատասխաններն են օգտատերերն ավելի հաճախ դրական գնահատել և ավելի շատ վստահել դրանց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *