Վիլհելմ Նվաճողի ժամանակների սեքս-սկանդալը. գիտնականը նոր բացատրություն է առաջարկել Բայեի գոբելենի համար

Բրիտանական թանգարանի համադրող Մայքլ Լյուիսի կարծիքով՝ հայտնի Բայոյի գոբելենի վրայի առեղծվածային տեսարանը կարող է կապված լինել մի սիրային սկանդալի հետ, որը կասկածի տակ էր դնում անգլիական գահի նկատմամբ Վիլհելմ Նվաճողի հավակնությունների օրինականությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

XI դարում ստեղծված Բայոյի գոբելենը, որը նվիրված է Անգլիայի նորմանդական նվաճմանը նախորդած իրադարձություններին, բաղկացած է պահպանված 58 տեսարանից: Ամենաառեղծվածայիններից մեկում պատկերված է Էլֆգիֆու անունով մի կին, որի այտին դիպչում է հոգևորականի հանդերձանքով մի տղամարդ։ Նրանց ներքևում՝ դեկորատիվ եզրագծի վրա, ասեղնագործված է մերկ տղամարդ:

Դարեր շարունակ հետազոտողները փորձել են հասկանալ այս տեսարանի իմաստը։ Հնարավոր բացատրությունների թվում նշվել են սիրային կապը, քաղաքական երգիծանքը և Վիլհելմ Նվաճողի դարաշրջանի ազդեցիկ դեմքերի հետ կապված սկանդալի ակնարկը։

Լյուիսը ենթադրում է, որ Էլֆգիֆուն կարող էր լինել Էմմա Նորմանդացին՝ անգլիական գահի համար մղվող պայքարում կարևոր դեր խաղացած մի կին: Էմման ամուսնացել է Անգլիայի թագավոր Էթելրեդ Անխոհեմի, իսկ նրա մահից հետո՝ Կնուդ թագավորի հետ: Նա Էդվարդ Խոստովանողի մայրն էր և Վիլհելմ Նվաճողի պապի քույրը։

Էդվարդ Խոստովանողի մահից հետո, որը ժառանգ չէր թողել, Վիլհելմն օգտագործեց իր ազգակցական կապը նրա հետ որպես հիմնավորում՝ անգլիական գահին հավակնելու և Անգլիա ներխուժելու համար:

Ընդ որում, Էմմայի շուրջ լուրեր էին պտտվում, թե առաջին ամուսնության ընթացքում նա կապ է ունեցել Վինչեսթերի եպիսկոպոս Էլֆվինի հետ: Ըստ Լյուիսի՝ գոբելենի վրայի առեղծվածային տեսարանը կարող էր քողարկված ակնարկ լինել այդ ասեկոսեների մասին։

«Նա էր Վիլհելմի իշխանության և գահի նկատմամբ նրա հավակնությունների օրինականության աղբյուրը»,- ասել է Լյուիսը «History Extra» փոդքասթում: Նրա խոսքով՝ տեսարանի ստորին հատվածում մերկ տղամարդու պատկերը՝ սեռական սկանդալի համատեքստում, կարող էր գործել Էմմայի, հետևաբար նաև՝ նորմանդական նվաճման օրինականության դեմ:

«Դա խարխլում է նրա, իսկ դրա հետ մեկտեղ նաև՝ նորմանդական նվաճման օրինականությունը»,- կարծում է համադրողը:

Օքսֆորդի համալսարանի պատմաբան Էմիլի Վինքլերը նույնպես նշել է, որ գոբելենի վրա կինը պատկերված է ընդգծված արժանապատվությամբ և նկատելի դիրք է զբաղեցնում տեսարանում։ Նրա կարծիքով՝ դա կարող է վկայել այն մասին, որ նրա հետ կապված սկանդալը թեև քննարկվել է, բայց հետագա զարգացում չի ունեցել:

Բայոյի գոբելենն ունի մոտ 70 մետր երկարություն և համարվում է միջնադարյան արվեստի կարևորագույն հուշարձաններից մեկը: Պահպանված հատվածներում պատկերված է մարդկային 626 ֆիգուր, 202 ձի, ինչպես նաև նավեր, ամրոցներ, զենքեր, կենդանիներ և առօրյա կյանքի տեսարաններ: Ստեղծագործության վերջին հատվածը կորել է, ուստի սկզբնական շրջանում գոբելենն ավելի երկար է եղել:

Պատմությունը սկսվում է 1064 թվականի իրադարձություններով, երբ Էդվարդ Խոստովանողը Հարոլդ Գոդվինսոնին ուղարկեց Նորմանդիա, և ավարտվում 1066 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Հասթինգսի ճակատամարտով, որտեղ Հարոլդը զոհվել է, իսկ Վիլհելմը հաղթանակ տարել:

Գոբելենի ծագման ճշգրիտ վայրն ու ժամանակը մնում են վիճելի, սակայն համարվում է, որ այն պատրաստվել է Անգլիայում XI դարում՝ հավանաբար 1070–1080-ական թվականներին: Ենթադրյալ պատվիրատուներից մեկը համարվում է Բայոյի եպիսկոպոս Օդոն՝ Վիլհելմ Նվաճողի խորթ եղբայրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *