Եվրոպայի քաղաքների միջին եկամուտ ունեցող բնակիչների գրեթե կեսը կարող է իրեն թույլ տալ գնել 50 քմ-ից պակաս մակերեսով բնակարան՝ մոտավորապես փոքր մեկսենյականոց բնակարան կամ ստուդիա։ Ընդ որում, եվրոպացիների 39%-ը չի կարող իրեն թույլ տալ անգամ նման չափի բնակարանի վարձակալություն։ Այս մասին ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Maps ամսագրում։
Վիեննայի տեխնիկական համալսարանի հետազոտողները վերլուծել են ավելի քան 30 եվրոպական երկրների անշարժ գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները և կազմել բնակարանների մատչելիության քարտեզները։ Հաշվարկներում հաշվի է առնվել, թե որքան մակերես կարող է գնել տարածաշրջանային միջին եկամուտ ունեցող մարդը 30-ամյա հիփոթեքի դեպքում, եթե դրա մարման վրա ծախսվում է տարեկան եկամտի մեկ երրորդը։
Պարզվել է, որ Եվրոպայի քաղաքային բնակչության 44%-ն ապրում է այնպիսի քաղաքներում, որտեղ միջին եկամտով հասանելի է 50 քմ-ից պակաս մակերեսով բնակարան։ Եվրոպայի բնակիչների ավելի քան 70%-ը գտնվում է այնպիսի շրջաններում, որտեղ նույն պայմաններով հիփոթեքը թույլ է տալիս ձեռք բերել ոչ ավելի, քան 75 քմ։
Խնդիրն առանձնապես սուր է դրսևորվում խոշոր քաղաքներում և մայրաքաղաքային շրջաններում։ Ամենաշատ տուժած շրջանների թվում հետազոտողները նշում են Փարիզի, Բեռլինի և Մադրիդի շրջակայքը։ Քաղաքներում բնակարանների բարձր արժեքը հանգեցնում է գների աճի նաև հարևան շրջաններում։
Իրավիճակը վատթարանում է նաև հայտնի զբոսաշրջային վայրերում։ Երկրորդ բնակարանի սեփականատերերը և կարճաժամկետ վարձակալությունը կրճատում են առաջարկը տեղի բնակիչների համար և նպաստում գների աճին։ Բնակարանների առանձնապես ցածր մատչելիություն ունեցող երկրների թվում հետազոտողներն առանձնացրել են Պորտուգալիան, Լեհաստանը և Նիդեռլանդները։
Վերլուծության համար գիտնականներն օգտագործել են անշարժ գույքի վաճառքի և վարձակալության շուրջ 22 մլն հայտարարություն, որոնք հավաքագրվել են ESPON HOUSE4ALL նախագծի շրջանակներում։ Դրանց հիման վրա նրանք հաշվարկել են բնակարանների հասանելի մակերեսը առանձին համայնքների մակարդակով։
«Մեր հետազոտությունը վեր է հանում բնակարանների անմատչելիության ցայտուն օջախները», — հայտարարել է աշխատության գլխավոր հեղինակ, Վիեննայի տեխնիկական համալսարանի Տարածքային պլանավորման ինստիտուտի պրոֆեսոր Ֆրանցիսկա Զիլկերը։
Նրա խոսքով՝ ճգնաժամն առանձնապես ուժեղ է հարվածում անշարժ գույքի շուկա առաջին անգամ մուտք գործող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ստիպված են հաճախակի փոխել բնակության վայրը։ Ամենախնդրահարույց գոտիների թվում են մայրաքաղաքները, խոշոր քաղաքները, ծովափերն ու հայտնի լեռնային զբոսաշրջային շրջանները։
Հետազոտողները նշում են, որ խնդիրը պայմանավորված է ոչ միայն անշարժ գույքի արժեքով, այլև եկամուտների մակարդակով։ Ուստի ճեղքվածքը կրճատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմն էլ՝ բնակարանների գները և գնորդների ու վարձակալների հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, հեղինակներն առաջարկում են առանձին դիտարկել իրավիճակը զբոսաշրջային շրջաններում։ Որպես հնարավոր միջոցներից մեկը նրանք նշում են կարճաժամկետ վարձակալության և երկրորդ բնակարանների շուկայի կարգավորումը։
Հետազոտությունն ունի սահմանափակումներ. գիտնականներն օգտագործել են հայտարարություններում նշված մոտավոր գները, այլ ոչ թե գործարքների իրական գները, և տվյալները վերլուծել են համայնքների մակարդակով, ուստի առանձին թաղամասերի միջև տարբերությունները կարող էին աննկատ մնալ։ Բացի այդ, աշխատության մեջ հաշվի չեն առնվել բնակարան գնելու այլ ֆինանսական խոչընդոտները, օրինակ՝ կանխավճարի անհրաժեշտությունը։