ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կոչը` միջազգային իրավաբանների մասնագիտական համայնքներինն

Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանություններն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել  են և հասանելի են Free Armenian Prisoners կայքում։ Ընդհանուր ծավալով դրանք կազմում են մոտ 3300 էջ, և հիմք են դարձել, որպեսզի քաղաքացիական անձը Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվի 20 տարվա ազատազրկման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով, փաստաթղթերի հրապարակումը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործի նյութերին և պատկերացում կազմել,  թե ինչպիսին է եղել դատական գործընթացն Ադրբեջանում, ինչ «ապացույցների» վրա է այն հիմնվել և ինչ մեղադրանքների հիման վրա են Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում մնալ անազատության մեջ, քանի որ հրապարակված նյութերի զգալի մասը վերաբերելի է նաև մյուս հայ բանտարկյալներին։

«Որպես ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝   այսօր ես դիմում եմ միջազգային իրավաբանական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ գործող իրավաբաններին, հետազոտողներին,  պրոֆեսորներին, իրավաբանական ֆակուլտետներին և մասնագիտական ասոցիացիաներին՝ կոչ անելով ուսումնասիրել այս փաստաթղթերը և տալ մասնագիտական գնահատական։

Կոչ եմ անում իրավաբանական ֆակուլտետներին և հետազոտական կենտրոններին այս գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այս գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից։ Այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու  հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *