ARMENIA EXPO 2026․ Ինը երկրների ընկերություններն իրենց բիզնեսը ներկայացրել են Երևանում

Երևանում բացվել է միջազգային ցուցահանդեսային ֆորում ARMENIA EXPO 2026-ը, որն այս տարի անցկացվում է առանձնահատուկ մթնոլորտում․ ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության 30-ամյակին։ Անցկացման տարիների ընթացքում ARMENIA EXPO-ն դարձել է գործարար կյանքի ամենախոշոր և առավել նկատելի հարթակներից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Ամեն տարի ցուցահանդեսը մեկ հարթակում է հավաքում արտադրողների և բիզնեսի ներկայացուցիչների Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Չինաստանից, ԱՊՀ երկրներից, Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։

Բացելով ցուցահանդեսը՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ ARMENIA EXPO-ն արդեն 25 տարի մնում է հարթակ, որը միավորում է Հայաստանի և արտերկրի տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին։ Ըստ նրա, ամեն տարի ցուցահանդեսը բիզնեսին հնարավորություն է տալիս ներկայացնել իր արդյունքներն ու նոր նախագծերը, գտնել գործընկերներ և դուրս գալ նոր շուկաներ։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 150 ընկերություններ և ձեռնարկատերեր ինը երկրներից։ Ղազարյանը շեշտեց, որ միջազգային մասնակցության հենց այս ծավալը վկայում է ARMENIA EXPO-ի պահանջված լինելու մասին՝ որպես գործարար հարթակ, որտեղ ձեռնարկատերերը կարող են ոչ միայն ներկայացնել իրենց արտադրանքը, այլև գտնել կոնկրետ գործընկերների նոր բիզնես-նախագծեր իրականացնելու համար։

Այս տարի ARMENIA EXPO-ին մասնակցել է նաև Իրաքյան Քուրդիստանից ժամանած խոշոր պատվիրակություն, որը ներկայացրել է տարածաշրջանային կառավարությունն ու բիզնես հանրույթը։ Բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Իրաքյան Քուրդիստանի ներմուծողների և արտահանողների միության նախագահ Մուստաֆա Շեյխ Աբդուրահման Աբդուլլան նշեց, որ պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն է Հայաստանում ներկայացնելու տարածաշրջանային կառավարության և քուրդիստանյան բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նաև հիմք դնելու նոր գործարար կապերի համար։ Ըստ նրա, նման միջազգային հարթակները պայմաններ են ստեղծում տարբեր երկրների և տարածաշրջանների ձեռնարկատերերի միջև հարաբերություններ հաստատելու համար։ Նա վստահություն հայտնեց, որ հայկական և քուրդիստանյան գործարար համայնքների միջև կարող են առաջանալ համագործակցության նոր և ավելի սերտ ձևեր։

Մեկ այլ նորամուծություն էր թուրքական բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությունը։ Վանի նահանգից Երևան էր ժամանել 80 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվայի գլխավորությամբ։ Բացման արարողությանը ելույթ ունենալով՝ պալատի ղեկավարը նշեց, որ այցը ոչ միայն հնարավորություն էր ծանոթանալու հայկական բիզնեսին, այլև դարձավ տարբեր երկրների տնտեսական ներուժը ցուցադրելու հարթակ։ Թուրք ներկայացուցիչը հատուկ ուշադրություն դարձրեց նաև բացման արարողության լեզվական բազմազանությանը։ «Ես լսեցի ելույթներ հայերեն, քրդերեն և պարսկերեն լեզուներով, իսկ հիմա ելույթ եմ ունենում թուրքերեն», — նշեց նա՝ տեղի ունեցողը անվանելով յուրօրինակ «լեզուների տոն»։

Ցուցահանդեսի միջազգային բնույթն ընդգծեց նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։ Նա ARMENIA EXPO-ն անվանեց արդյունավետ հարթակ Հայաստանի և այլ երկրների գործարար շրջանակների միջև առևտրատնտեսական կապեր հաստատելու համար և հույս հայտնեց, որ հոբելյանական ցուցահանդեսը լրացուցիչ խթան կհաղորդի այդ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Նա նշեց, որ այս տարի Բելառուսը ցուցահանդեսում ներկայացված է հավաքական տաղավարով, որտեղ իրենց արտադրանքն են ցուցադրում բելառուսական մի շարք խոշոր ձեռնարկություններ։ Ներկայացված ուղղությունների թվում են կաթնամթերքի և մսի արդյունաբերությունը, վերելակային սարքավորումների, մալուխային և լուսատեխնիկական արտադրանքի արտադրությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *