Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը «This is Athens – Agora» միջոցառման ընթացքում բարձրացրել է քաղաքում նոր հյուրանոցների թույլտվությունների տրամադրումը սահմանափակելու հարցը․ գրում է Euronews–ը։
Հունաստանի մայրաքաղաքում արդեն իսկ գործում է արգելք՝ քաղաքի կենտրոնի 3 թաղամասերում կարճաժամկետ վարձակալությունների համար նոր թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ։
«Մենք իսկապես պետք է տեսնենք՝ արդյոք մեզ անհրաժե՞շտ են նոր հյուրանոցներ, և եթե այո, ապա քանի հատ և որտեղ», – ասել է Դուկասը՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ որքան լրացուցիչ զբոսաշրջային բեռ կարող է քաղաքը վերցնել։
«Չպետք է դառնանք Բարսելոնա։ Պետք է հասկանանք, որ կան գերհագեցած տարածքներ, որտեղ չեն կարող նոր մահճակալներ տեղադրվել՝ լինի դա կարճաժամկետ վարձակալություն, թե ոչ»,- նշել է քաղաքապետը։
INSETE-ի վերջին տվյալների համաձայն՝ Ատտիկայում կա 68.934 հյուրանոցային մահճակալ: Հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները խոստովանում են, որ վերջին տարիներին Հունաստանի մայրաքաղաքում հյուրանոցների թիվը կտրուկ աճել է, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես ոլորտի, այնպես էլ քաղաքի զբոսաշրջության համար։