Ռուսաստանը հրատապ դիմում է հղել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) գլխավոր քարտուղար Խուան Կառլոս Սալասարին՝ քաղաքացիական օդանավերին Ուկրաինայի կողմից սպառնացող վտանգների առնչությամբ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Քաղաքացիական ավիացիայի համար ուղղակի սպառնալիքների ստեղծմանն ուղղված ուկրաինական կողմի հայտարարությունների հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները կապի մեջ են Մոնրեալում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ղեկավարության հետ։ Տվյալ հարցով հրատապ դիմում է հղվել ICAO-ի գլխավոր քարտուղար Խուան Կառլոս Սալասարին», — նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ում հավելել են, որ Ռուսաստանը կոչ է արել ICAO-ին հասցեական քայլեր ձեռնարկել՝ քաղաքացիական ավիացիային սպառնացող ուկրաինական գործողությունները դադարեցնելու համար։ «ICAO-ի գլխավոր քարտուղարին կոչ ենք արել դատապարտել քաղաքացիական ավիացիայի գործունեության նկատմամբ Կիևի անօրինական միջամտությունն ու ուղղակի սպառնալիքների ստեղծումը, ինչպես նաև հստակ միջոցներ ձեռնարկել՝ ուկրաինական կողմից այդ գործողություններին վերջ տալու ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնությունն անշեղորեն հավատարիմ է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովմանը», — ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան կտրականապես մերժել է Ուկրաինայի իշխանությունների թողարկած NOTAM (աերոնավիգացիոն իրավիճակի մասին օպերատիվ) ծանուցումները՝ Ռուսաստանի օդային տարածքի իբր անվտանգ չլինելու վերաբերյալ։ «Ռուսաստանի Դաշնությունը վճռական բողոք է հայտնել Ուկրաինայի անխոհեմ ահաբեկչական գործողությունների դեմ, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքին։ ՌԴ օդային տարածքի իբր ոչ անվտանգ լինելու մասին Ուկրաինայի իշխանությունների թողարկած NOTAM ծանուցումները կտրականապես մերժվել են․ դրանք իրավական ուժ չունեն, աղավաղում են իրական պատկերը և մոլորեցնում ռուսական օդային տարածքից օգտվողներին», — հայտնել են ԱԳՆ-ում։