Թրամփը աշխատում է Մերձավոր Արևելքում տիրող հետպատերազմյան ռազմավարության վրա․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Մերձավոր Արևելքում գործողությունների ծրագիր, որը ներառում է Թեհրանի զսպումն ու հարևան երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների և ևս երկու իրազեկ աղբյուրների՝ Թրամփի վարչակազմն աշխատում է հետպատերազմյան ռազմավարության վրա, որի հիմքում Իրանին զսպելուն ուղղված տարածաշրջանային ջանքերն են, ինչպես նաև Իսրայելի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընդլայնումը»,– գրում է Axios-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփը երկու անգամ հանդիպել է բարձրաստիճան խորհրդականների հետ։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է ծրագիրն ու տարբեր գաղափարներ են առաջ քաշվել։ Ռազմավարության մշակումը դեռևս սկզբնական փուլում է։ Աշխատանքների ընթացքին ծանոթ աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ փաստաթղթի նախապատրաստման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի։

«Մասնավոր զրույցներում Թրամփն ասել է, որ Իրանի հետ պատերազմից հետո Մերձավոր Արևելքի համար աշխատում է «շատ ավելի մասշտաբային նախագծի» վրա»,– գրում է Axios-ը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ռազմավարությունը կառուցվում է երեք հիմնական ուղղությունների շուրջ. Իրանին զսպելու նպատակով ԱՄՆ դաշնակիցների տարածաշրջանային միավորման ձևավորում, Իսրայելի ու Սիրիայի միջև անվտանգության համաձայնագրի կնքում և իսրայելա-լիբանանյան պայմանավորվածությունների կատարում, ինչպես նաև «Աբրահամյան համաձայնագրերի» մասնակիցների թվի ավելացում ու Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորում։

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն սկսել է զանգվածային հարվածների նոր շարք հասցնել Իրանի տարածքում։ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախում են հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոլոկացիոն կայաններ, ռազմածովային միջոցներ և կապի հանգույցներ։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *