Իրանի զինված ուժերը վերջին ռազմական հակամարտությունների ընթացքում մշակել, արտադրել և շահագործման են հանձնել հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, հայտարարել է Իրանի բանակի ՀՕՊ ուժերի և «Խաթամ ալ-Անբիա» միացյալ ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին, հաղորդում է Mehr.
Ուրբաթօրյա աղոթքից հետո Թեհրանում ելույթ ունենալով՝ Էլհամին նշել է, որ Իրանը հակաօդային պաշտպանության համակարգի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար ամբողջությամբ ապավինում է սեփական հնարավորություններին։
«Մեր ուժերը հակամարտության ընթացքում մշակում և արտադրում էին ՀՕՊ համակարգեր, դրանք անմիջապես տեղակայում էին մարտի դաշտում և հաջողությամբ ոչնչացնում թշնամու ինքնաթիռները», — հայտարարել է գեներալը։
Նրա խոսքով՝ հակառակորդի առաջադեմ տեխնոլոգիաների առկայությունը նրա ավիացիային չի ապահովել պաշտպանություն իրանական պաշտպանական ցանցերից։
Էլհամին նաև հայտարարել է, որ Իրանը լիովին ինքնուրույն ապահովում է ՀՕՊ-ի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները։ Նրա խոսքով՝ ռազմական համակարգերի ստեղծմանը մասնակցում են իրանցի ռազմական գիտնականներ, պաշտպանական ձեռնարկություններ, համալսարաններ և տեխնոլոգիական ընկերություններ։
Հրամանատարը նշել է երեք հիմնական գործոն, որոնց վրա, նրա կարծիքով, հիմնվում են Իրանի ազգային կայունությունն ու ռազմական հզորությունը՝ վճռական ղեկավարություն, բնակչության աջակցություն և ամբողջությամբ հայրենական սպառազինություն։