Գերմանիայում յուրաքանչյուր հինգերորդ ընկերություն հայտնել է արտերկրից կիբերհարձակումների, լրտեսության կամ դիվերսիայի մասին

Գերմանիայում յուրաքանչյուր հինգերորդ ընկերություն հայտարարել է, որ արդեն բախվել է արտերկրից եկող հիբրիդային սպառնալիքների՝ կիբերհարձակումների, ապատեղեկատվության, լրտեսության կամ դիվերսիայի։ Այդ մասին վկայում են Գերմանական տնտեսագիտության ինստիտուտի (IW) կողմից անցկացված՝ 1041 ընկերության մասնակցությամբ հարցման արդյունքները, գրում է dpa-ն։

Հատկապես հաճախ նման սպառնալիքների մասին հայտնել են 250-ից ավելի աշխատակից ունեցող խոշոր ձեռնարկությունները։ Մի շարք դեպքերում հարձակումները ստիպել են ընկերություններին ուժեղացնել օբյեկտների պահպանությունը կամ խաթարել են նրանց առօրյա աշխատանքը։

Ամենամեծ ռիսկերը տեսնում են տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտների ընկերությունները։ Նրանց հաջորդում են էներգետիկայի, ջրամատակարարման և թափոնների վերամշակման ձեռնարկությունները։

Siemens Energy-ի ղեկավար Քրիստիան Բրուխը ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին 12–18 ամիսների ընթացքում սպառնալիքների մակարդակը զգալիորեն աճել է։ Նա կոչ է արել մշակել ճգնաժամերի դեպքում գործողությունների քաղաքացիական ծրագիր՝ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների, ինչպես նաև սննդամթերքի մատակարարումների պաշտպանության համար։

IW-ի տվյալներով, գերմանական բիզնեսը ակտիվորեն ուժեղացնում է պաշտպանությունը կիբերհարձակումներից, սակայն զգալիորեն ավելի քիչ ընկերություններ են պատրաստվում կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի կամ էներգամատակարարման խափանումներին։ Ինստիտուտը նախազգուշացրել է, որ նման անպատրաստությունը կարող է ապակայունացնել տնտեսությունն ու հասարակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *