Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում հերթական անգամ հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ Պատճառը Պարեկային ծառայության նոր մարտավարությունն է, ըստ որի՝ մեքենաների առկայծող փարոսիկները (միգալկեքը) այսուհետ կարող են անջատված լինել։
Իրավապահ համակարգն այս քայլը հիմնավորում է «իրավախախտներին հանկարծակիի բերելու» և հանցագործություններն ավելի արդյունավետ բացահայտելու ձգտումով։
Ճանապարհային երթևեկության փորձագետ և փաստաբան Արտակ Խաչատուրովը Oragir.News-ի հետ զրույցում շեշտեց, որ ոստիկանական լուսային ազդանշանն առաջին հերթին ունի հոգեբանական և կանխարգելիչ նշանակություն։ Միացված փարոսիկը քաղաքացուն անվտանգության ու պաշտպանվածության զգացում է փոխանցում։
«Երբ վարորդը հեռվից տեսնում է միացված փարոսիկները, նա ինքնաբերաբար դառնում է ավելի զգոն։ Դա ոստիկանության և, ի վերջո, պետության ներկայության զգացումն է ճանապարհներին։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ դրանք անջատված են։ Քաղաքացիների շրջանում առաջանում է անորոշություն։ Եթե համակարգը պնդում է, թե լույսերն անջատում են հանցագործ բռնելու համար, ապա հարց է առաջանում՝ իսկ օրինապաշտ քաղաքացիներն ինչպե՞ս իրենց պաշտպանված զգան»,- ասաց նա։
Որպես հաջողված օրինակ՝ Խաչատուրովը մատնանշում է Սևանի մուտքի կամ Փարաքարի հատվածները, որտեղ միացված փարոսիկները հեռվից զսպում են երթևեկության մասնակիցներին։ Անջատված լույսերի պարագայում օրինախախտը պարզապես խախտում կանի այնտեղ, որտեղ իր աչքին պարեկ չի երևա։
Փորձագետի պնդմամբ՝ Պարեկային ծառայության այս քայլը վերջին տասնամյակների ձախողված, իրավիճակային փորձարկումների շարունակությունն է։ Անցյալում նմանատիպ մոտեցումները երբևէ դրական արդյունք չեն տվել։
«Այս որոշումը գիտական կամ վիճակագրական որևէ հիմնավորում չունի։ Տպավորություն է, որ մի օր արթնացել ու որոշել են հերթական փորձարկումն անել։ Նախկինում հրաման կար, որ փարոսիկները պետք է մշտապես միացված լինեն, դրանից առաջ՝ միայն երեկոյան ժամերին, հետո՝ միայն խախտում հայտնաբերելիս։ Սա անընդհատ ծայրահեղությունից ծայրահեղություն նետվելու քաղաքականություն է, որը 101 տոկոսով հետընթաց է դեպի անցյալ՝ թփերի հետևում թաքնվելու և թռնել-բռնելու հին մեթոդներին։ Այսօր աշխարհում խախտումներ հայտնաբերելու ժամանակակից ու քաղաքակիրթ գործիքներ կան»,- վստահեցրեց նա։
Խաչատուրովը հիշեցնում է, որ Երևանում տարեկան շուրջ 1.5-ից 2 միլիոն խախտում է արձանագրվում։ Նրա խոսքով` ամենօրյա երթևեկության մեջ խախտումներ գտնելու համար կարիք չկա թաքնվելու. դրանք առանց այն էլ տեսանելի են, եթե ոստիկանությունը ցանկություն ունի աշխատելու։
«Ամենայն հավանականությամբ, մի 10 000-ով ավելի ամրագոտու տուգանք կգրեն և կհայտարարեն, թե տեսեք՝ փարոսիկներն անջատեցինք ու ինչքան խախտում բացահայտեցինք։ Սակայն իրականում սա երթևեկության անվտանգության հետ կապ չունի։ Ցավոք, կան ղեկավարներ, ովքեր պարզապես փորձում են քծնել քաղաքական իշխանությանը՝ պնդելով, թե վերջիններս ավելի լավ են հասկանում երթևեկությունից, քան մասնագետները։ Բայց իրականում սա բացարձակ պրոֆեսիոնալ անգրագիտություն է»,- եզրափակեց նա։