Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը․ Մոսկվան չի ակնկալում պայմանավորվածություն ձեռք բերել շփման գծի վերաբերյալ, քանի դեռ չի լուծվել Դոնեցկի մարզի մնացած մասի հարցը, հայտնում է Reuters-ը՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին հղումով։
Ըստ գործակալության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս մտադիր է վերահսկողություն հաստատել Դոնբասի մնացած մասի նկատմամբ և, ելնելով իր հրամանատարների զեկույցներից, հույս ունի դրան հասնել մինչև տարվա վերջ։ Արևմտյան ռազմական վերլուծաբանները, սակայն, նման սցենարը քիչ հավանական են համարում՝ ռուսաստանյան զորքերի առաջխաղացման դանդաղ տեմպերի պատճառով։
Հենց ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է սեպտեմբերի 5-ին Պուտինը ավելի քան երեք ժամ քննարկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ամերիկացի ներկայացուցիչները ներկայացրել են կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի շարք գաղափարներ, որոնց բովանդակությունը Մոսկվան առայժմ չի բացահայտում։
Ինքը՝ Պուտինը, Ուիթքոֆին և Քուշներին ասել է, որ Ռուսաստանը մարտի դաշտում հասնում է «իրական առաջընթացի» և վստահ է իր նպատակներին հասնելու հարցում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը կրկին ընդգծել է «հակամարտության բոլոր արմատական պատճառները» վերացնելու անհրաժեշտությունը։
Կրեմլը նախկինում հայտարարել էր, որ Մոսկվայի պահանջները մնում են անփոփոխ․ Ուկրաինան պետք է Ռուսաստանին հանձնի այն չորս շրջանների ամբողջ տարածքը, որոնց նկատմամբ հավակնում է Մոսկվան, ներառյալ Դոնեցկի մարզի այն հատվածը, որը ռուսաստանյան զորքերի լիակատար վերահսկողության տակ չէ, ինչպես նաև հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։
Կիևը, իր հերթին, հրաժարվում է Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները և նման պահանջները հավասարազոր է համարում կապիտուլյացիայի։
«Բանակցությունները դուրս եկան ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ պարզապես կարծիքների փոխանակման շրջանակներից։ Բավականին մանրամասն քննարկվել են տնտեսական հարցեր և ռուս-ամերիկյան հնարավոր խոշոր փոխշահավետ նախագծեր։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բանակցությունները ժամանակին էին և շատ օգտակար՝ երկու կողմերի համար», — հայտնել է Ուշակովը։
Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Կիև։ Սեպտեմբերի 6-ին նրանք պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սպիտակ տանը Պուտինի հետ բանակցություններն անվանել են բովանդակալից և հայտարարել, որ հետագա քայլերի մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին։