«Ոչ ոք չի հաղթի». Զելենսկու խորհրդականը նախազգուշացրել է փոխադարձ ոչնչացման պատերազմի մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան մտել են ենթակառուցվածքի դեմ հեռահար հարվածների ձգձգված պատերազմի մեջ, որտեղ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել վերջնական հաղթանակի, իսկ խաղաղ բնակչության համար վտանգը շարունակում է աճել։ Այս մասին The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտպանական տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, որը հայտնի է Flash մարտական մականունով։

Ըստ նրա, ռազմաճակատի գիծը փաստացի փակուղի է մտել, ուստի դիմակայությունն ավելի ու ավելի է վերածվում «քաղաքների պատերազմի» և ենթակառուցվածքների դեմ պայքարի։ Բեսկրեստնովը կարծում է, որ հակամարտության արդյունքում երկու երկրներն էլ վտանգում են ստանալ ավերված տնտեսություն և ենթակառուցվածք։

«Այս պատերազմում ոչ ոք չի հաղթի, որովհետև պատերազմից հետո երկու երկրների տնտեսությունն ու ենթակառուցվածքները ավերված կլինեն։ Սա հիմարություն է։ Մենք պետք է կանգնեցնենք այս պատերազմը», — ասել է խորհրդականը։

Բեսկրեստնովը նաև զգուշացրել է առաջիկա ձմռանը Կիևում հնարավոր ծանր իրավիճակի մասին։ Ըստ նրա, Ռուսաստանը կարող է բալիստիկ հրթիռների օգնությամբ երկարատև հարվածներ հասցնել մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերին, որոնց արտադրությունը, ինչպես նա պնդում է, ամսական գերազանցում է 100 միավորը։

Խորհրդականը հայտարարել է, որ էներգահամակարգի լայնածավալ ավերման դեպքում Կիևի իշխանությունները պետք է նախապես քննարկեն խաղաղ բնակիչների, առաջին հերթին տարեց մարդկանց, տարհանումը։ Նրա գնահատմամբ, խոսքը պոտենցիալ կարող է վերաբերվել 2–3 մլն մարդու։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պաշտոնական հայտարարություն չի անում ուկրաինական իշխանությունների անունից։

Ուկրաինան, իր հերթին, մտադիր է մեծացնել Ռուսաստանի տարածքի նկատմամբ հեռահար հարվածները։ Բեսկրեստնովը հայտնել է, որ Կիևը խնդիր է դրել հարվածային անօդաչու սարքերի քանակը օրական մոտ 300-ից հասցնել 1 հազարի՝ հարվածներ հասցնելով ռազմական և տնտեսական օբյեկտներին։

Բեսկրեստնովը հայտնել է, որ Ուկրաինան նաև ծրագրում է անօդաչու սարքեր օգտագործել ռուսաստանյան քաղաքացիական ավիացիայի աշխատանքը խաթարելու համար։ Օդանավակայանը փակելու համար, հայտարարել է խորհրդականը, պարտադիր չէ նրան հարված հասցնել. բավական է, որ անօդաչու սարքը գտնվի օդային նավահանգստի շրջանում, որպեսզի թռիչքները կասեցվեն։

Միևնույն ժամանակ Բեսկրեստնովը ընդունել է, որ հարվածներ հասցնելու ռուսաստանյան կողմի հնարավորությունները նույնպես աճում են։ Ըստ նրա, օգոստոսին Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է մոտ 2,5 հազար Shahed ռեակտիվ դրոն՝ հուլիսի 1,5 հազարի դիմաց։ Նա նաև հայտարարել է Մոսկվայի ծրագրերի մասին՝ 2027 թվականին արտադրել մոտ 36 հազար նման սարք, ինչպես նաև ևս 30 հազար մխոցային շարժիչներով անօդաչու սարք։

Խորհրդականը նշել է, որ երկու կողմերն էլ բախվում են հակաօդային պաշտպանության խնդրին. հրթիռների և անօդաչու սարքերի քանակն աճում է ավելի արագ, քան դրանց որսալու համակարգերի հնարավորությունները։ Մասնավորապես, ուկրաինական կողմը զգում է ամերիկյան Patriot համալիրների համար նախատեսված որսիչների պակաս, որոնք ունակ են պայքարել բալիստիկ հրթիռների դեմ։

Բեսկրեստնովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը, ուկրաինացի մասնագետների տվյալներով, սկսել է փորձարկել ինքնավար անօդաչու սարքեր արհեստական բանականության կիրառմամբ։ Նա մտավախություն ունի, որ նման տեխնոլոգիայի ներդրումը հեռահար հարվածային դրոններում կարող է նվազեցնել ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արդյունավետությունը։

Հեռահար հարվածների ինտենսիվության աճի ֆոնին ավելանում են նաև խաղաղ բնակչության կորուստները։ ՄԱԿ-ի տվյալներով, հուլիսին Ուկրաինայում զոհվել է 437 խաղաղ բնակիչ, ևս 2 610-ը վիրավորվել են. սա 2022 թվականի մարտից ի վեր ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *