ԱՄՆ-ում Վրաստանի քաղաքացի Էրեկլե Գուգավային մեղադրանք է առաջադրվել առողջապահության ոլորտում 1,3 միլիարդ դոլարի խարդախության արդյունքում ստացված միջոցների լվացման նպատակով հանցավոր համաձայնության գալու համար։
ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկության համաձայն՝ 33-ամյա Գուգավան եղել է այս ոլորտում երկրի պատմության ամենախոշոր խարդախության մասնակիցը։
Քննության տվյալներով, 2025 թվականի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Գուգավան Փենսիլվանիայում բժշկական սարքավորումներ մատակարարող ND Medical Solutions ընկերության սեփականատերն է եղել։ Հինգ ամսվա ընթացքում ընկերությունը Medicare-ին և մասնավոր ապահովագրական ընկերություններին կեղծ հաշիվներ է ներկայացրել առնվազն 1,3 միլիարդ դոլարի չափով։ Ապահովագրողները հասցրել են վճարել մոտ 6,5 միլիոն դոլար։
Ըստ մեղադրանքի, Գուգավան ընկերության համար բանկային հաշիվներ էր բացում, դրանց վրա ստանում ապահովագրական վճարումները, այնուհետև գումարները փոխանցում սխեմայի կազմակերպիչների արտասահմանյան հաշիվներին։ Արդարադատության նախարարության տվյալներով, հանցագործության հետևում կանգնած էր «Ռուսաստանում և այլ երկրներում հիմնված միջազգային կազմակերպություն»։ Հետաքննությունը ստացել է Operation Gold Rush («Ոսկե տենդ») անվանումը։
Կեղծ հաշիվներ ձևակերպելու համար խարդախները օգտագործել են ամերիկացիների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, գողացված տվյալները։
Նրանցից ոմանք խարդախության մասին իմացել են ապահովագրական հաշվետվություններ ստանալուց հետո, որոնց համաձայն՝ իրենց իբր մատակարարվել էին անվասայլակներ և այլ բժշկական սարքավորումներ, մինչդեռ իրականում նրանք ոչինչ չէին ստացել և չէին դիմել փաստաթղթերում նշված բժիշկներին։
Գուգավան լքել է ԱՄՆ-ն 2025 թվականի հուլիսին։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։