Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հաշվետու ամսում բաժնետոմսերով բորսայական առևտրի ծավալը կազմել է ավելի քան 153.4 մլն դրամ: Բաժնետոմսերով կնքվել է 288 գործարք:

Պարտատոմսեր

AMX-ի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման  հարթակում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալն օգոստոսին գերազանցել է 53.4 մլրդ դրամը: Երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 21 մլրդ դրամ ծավալով, ինչը 135%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Օգոստոսին կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 72% աճ՝ կազմելով ավելի քան 10.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 2085 գործարք օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 221 կորպորատիվ պարտատոմսով: «Այս կայուն աճն արտացոլում է առողջ պահանջարկը կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ռեպո գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 22.8 մլրդ դրամը: Օգոստոսին կնքվել է 119 ռեպո գործարք, ինչը 361%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արտարժույթի հարթակ

Օգոստոսին AMX-ի արտարժույթիի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ շուրջ 277 մլն դրամ ծավալով՝ 4 գործարքով: Ամսվա ընթացքում փոխարժեքը տատանվել է 364․25-364․5 դրամի միջակայքում:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *