Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում ռուսամետ կուսակցության հաղթանակին

Գերմանիայի հարևան երկրներում և աշխարհի այլ պետություններում տարբեր կերպ են արձագանքել Սաքսոնիա-Անհալտում երկրամասային ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վստահ հաղթանակին, փոխանցում է DW։

«Լեհաստանում միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության տրիումֆով», — գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա ներկայացնում է լիբերալ «Քաղաքացիական կոալիցիան» և ԱԳԿ-ին աջակցելու մեջ մեղադրել է ընդդիմադիր «Կոնֆեդերացիա» և «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցություններին։

Հարևան Չեխիայում խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան շնորհավորել է ԱԳԿ-ին հաջողության առթիվ։ «Հույս ունեմ, առաջին հերթին, որ այն կընդգրկվի Սաքսոնիա-Անհալտ երկրամասում նոր կառավարական կոալիցիայի կազմում», — հայտարարել է քաղաքական գործիչը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր Եվրոպայի հարցերով պատվիրակ նախարար Բենժամեն Ադադը հայտարարել է «Եվրոպայի համար ծանր պահի» մասին։ «Մենք պետք է լսենք զայրույթը, անհանգստություններն ու վախերը և պատասխանենք դրանց։ Բայց ազգայնականությունն ու քսենոֆոբիան երբեք լուծում չեն լինելու», — ընդգծել է Ադադը։ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը», — նշել է նախարարը։

Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Սաքսոնիա-Անհալտի ընտրությունների արդյունքները, սակայն առանց որևէ մեկնաբանության։ Միլիարդատեր Իլոն Մասկը ԱԳԿ-ի առաջնորդ Ալիս Վայդելի գրառման տակ գերմաներենով գրել է «Գերազանց աշխատանք» արտահայտությունը։

Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին շնորհավորել է ԱԳԿ-ին «խլացուցիչ հաջողության» կապակցությամբ։ Մինչդեռ մյուս փոխվարչապետ Անտոնիո Տայանին դա անվանել է «ծայրահեղ վատ լուր»։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը գրել է «ԱԳԿ-ի պատմական հաղթանակի» մասին և քննադատել է ԳԴՀ գործող կառավարությանը։ ՌԴ իշխանությունների մյուս ներկայացուցիչները գերմանական ծայրահեղ աջերի հաղթանակը առայժմ չեն մեկնաբանել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *