Հայաստանը հայտնի էր 2022 թվականին «բռնաճնշումներից և մասնակի մոբիլիզացիայից» փրկված ռելոկանտների շրջանում։ Այդ մասին ասվում է «Նովայա գազետայի» հրապարակման մեջ։
Այն այդպիսին է մնում նաև մի քանի շաբաթ առաջ սկսված արտագաղթի ալիքի համար, որը թեժացվել է բանակ զորակոչի «նոր ալիքի» հնարավորության մասին խոսակցություններով։ Հայաստանը, անկասկած, ամենաանվտանգ երկիրն է այն ռուսաստանցիների համար, որոնք արտասահմանյան անձնագիր չունեն։
2022 թվականից Հայաստանում ապրող իրավապաշտպաններ Անդրեյն ու Յանը պատմել են, որ այս երկրում օրենքները պահպանող և հարկեր վճարող ռելոկանտներն իրենց անվտանգ են զգում։
Յանը հետևում է Երևանի բնակարանների վարձակալության պահանջարկին։ Այժմ Հայաստանի մայրաքաղաքում գործնականում անհնար է կարճ ժամկետով բնակարան վարձել հոսթելներում և մատչելի հյուրանոցներում․ մնացել է ընդամենը մի քանի տեղ կանանց համար։ Երկարաժամկետ բնակարանի վարձի գինը բարձրացել է 30–40%-ով։
Թե որքան զանգվածային կլինի դեպի Հայաստան ռելոկացիայի ներկայիս ալիքը, կախված է նրանից, թե ինչ կլինի մոբիլիզացիայի հարցով։ Յանը ենթադրում է, որ ներկայիս ալիքը հիմնականում ոչ քաղաքական կլինի, սակայն ճշտում է, որ նույնիսկ դրանում լիովին վստահ լինել չի կարելի։
Յանը պատմել է, որ այժմ Հայաստանում Ռուսաստանի արտագաղթյալների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա։ Հենվելով փորձագետների տվյալների, անկանոն վիճակագրության փշրանքների և անկախ հետազոտողների ուսումնասիրությունների վրա՝ կարելի է ասել, որ 2023 թվականի սկզբին Հայաստանում ապրում էր Ռուսաստանից եկած 100–120 հազար արտագաղթյալ։ 2024 թվականին երկրում մնացել էր ժամանածների ընդհանուր թվի մոտ 60%-ը։ Ամեն երրորդը տեղափոխվել է երկրորդ արտագաղթի երկրներ։ Ամեն տասներորդը վերադարձել է Ռուսաստան։
Հատկանշական է, որ նոր ալիքի ռելոկանտները, որոնց հետ հաջողվել է խոսել «Նովայա գազետային», նախընտրում են բնակարան վարձել Երևանի սահմաններից դուրս, չնայած նրան, որ Հայաստանի մնացած մասը սպասարկման և բարեկարգվածության մակարդակով զգալիորեն զիջում է մայրաքաղաքին։ Հավանաբար, երկրի մյուս հատվածներում բնակարանի գներն այնքան էլ կտրուկ չեն բարձրացել։