Մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում այցելել է «Watermelon Ecosystem» ընկերություն։

«Օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։

Ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է տարածքով, ծանոթացել գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։

«Watermelon Ecosystem»-ը Դուբայում հիմնադրված սննդի և ըմպելիքների ոլորտի տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունը նաև ակտիվորեն աշխատում է տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով նրանց արտադրանքի հասանելիությանը սննդի սպասարկման ոլորտում։

Քննարկվել են ՀՀ-ում ներդրում կատարելու հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն  առավել սերտ գործակցել՝ ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *