ՀՀ գյուղատնտեսությանն ուղիղ հարված հասցրած ՌԴ պատժամիջոցները ստիպեցին հայկական կողմին նոր ռազմավարություն կիրառել` կատարելով կտրուկ շրջադարձ։
Այսպես, եթե դեռևս 2025թ․ հուլիսին ՀՀ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալների մաքսային արժեքի շուրջ 90%-ը պատկանում էր Ռուսաստանին, ապա արդեն 2026թ․ հուլիսին վերոնշյալ մասնաբաժինը մոտ 1% է կազմում։ Այս մասին է փաստում ՊԵԿ֊ի կողմից BanksNews-ին տրամադրված տվյալների վերլուծությունը։
Այդուհանդերձ, վերոնշյալ 3 ապրանքախմբերի գծով արտահանման ծավալների զգալի անկում է դիտվել 2026թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ․
Հաշվարկները փաստում են, որ 2026 թ. հուլիսին դիտարկվող 3 ապրանքախմբերի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ ֏ 5.27 մլրդ, մինչդեռ 2025 թ. հուլիսին այն մոտ ֏ 9.89 մլրդ էր։ Այսպիսով, մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է մոտ 46.7% նվազում։
Ամենամեծ անկումը վերաբերում է բանջարեղենին․ մաքսային արժեքը ֏ 4.56 մլրդ-ից նվազել է մինչև ֏ 1.24 մլրդ՝ շուրջ 72.7%-ով։
Ֆիզիկական ծավալն այդ ընթացքում նվազել է ավելի քիչ՝ մոտ 21.8%-ով, 6.43 հզր տոննայից մինչև 5.03 հզր տոննա։ Նկատենք, որ 2026թ․ հուլիսին բանջարեղենի արտահանման խոշոր ուղղություններ են եղել պատերազմող Ուկրաինան, Վրաստանը և ՈՒզբեկստանը։
Ինչպե՞ս են փոխվել հայկական գյուղմթերքի արտահանման ծավալները մեկ տարում. ծիրանի արտահանման «աննախադեպ անկումը»
Պտղի դեպքում պատկերը տարբերվում է։ Մաքսային արժեքը նվազել է ֏ 4.21 մլրդ-ից մինչև ֏ 3.48 մլրդ դրամ՝ 17.5%-ով, սակայն արտահանված քանակն աճել է մոտ 51.4%-ով՝ 6.85 հզր մինչև 10.36 հզր տոննա։ Սա նշանակում է, որ արտահանման քանակական աճը չի ուղեկցվել համարժեք արժեքային աճով։ Սակայն, այս հարաբերակցությունը չի կարելի անմիջապես մեկնաբանել որպես գների անկում, քանի որ փոխվել են նաև ապրանքների և շուկաների կառուցվածքները։ 2026 թ. հուլիսին պտղի խոշոր ուղղություններ են Ուզբեկստանը, Վրաստանը և Ուկրաինան։
Ո՞ր երկրներ է ՀՀ-ն արտահանում ծաղիկը. ծավալներն ու աշխարհագրությունը
Ծաղիկների մաքսային արժեքը նվազել է մոտ 50.9%-ով։ Այստեղ քանակներն ամբողջությամբ համադրելի չեն, քանի որ տրամադրված վիճակագրական տվյալներում օգտագործվում են և՛ «տոննա», և՛ «1000 հատ» չափման միավորները։
- Նկատենք, որ ՌԴ պարագայում վերոնշյալ 3 ապրանքախմբերի արտահանման ծավալների մասով արձանագրված անկումը ոչ միայն վերաբերում է մաքսային արժեքին, այլ նաև ֆիզիկական ծավալներին։