Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային հերթական տեղային հրադադարի ռեժիմին համաձայնելու համար՝ Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տանող էլեկտրահաղորդման գծերի նորոգման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։
Նշվում է որ ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնումը տևել է գրեթե երեք շաբաթ։ «Գլխավոր տնօրեն Գրոսին շնորհակալություն է հայտնում ինչպես Ռուսաստանի Դաշնությանն, այնպես էլ Ուկրաինային՝ գործակալության հետ համագործակցության համար՝ հրադադարի համաձայնեցման և (կայանի) արտաքին էներգամատակարարման վերականգնման հնարավորության ապահովման հարցում», – ասվում է հայտարարության մեջ։
Գրոսին «Ֆեռոսպլավնայա-1» գծից ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնումը համարել է «կարևորագույն քայլ, որը նպաստում է միջուկային վթարի կանխմանը»։ Նրա խոսքով՝ կայանն այժմ «կրկին կարող է էլեկտրաէներգիա ստանալ արտաքին աղբյուրներից՝ ռեակտորների և բանեցված վառելիքի ավազանների հովացման, ինչպես նաև միջուկային անվտանգության և պահպանության մյուս կարևոր գործառույթների ապահովման համար»։