Volkswagen-ը դիտարկում է մոտոցիկլետ արտադրող Ducati-ի վաճառքի հնարավորությունը

Գերմանական ավտոկոնցեռն Volkswagen-ը (VW) դիտարկում է մոտոցիկլետ արտադրող Ducati-ի վաճառքի հնարավորությունը՝ ակտիվների պորտֆելի ընդհանուր վերանայման շրջանակում, որն ուղղված է ծախսերի կրճատմանը, գրում է Bloomberg-ը։

Իտալական բրենդը VW-ին պատկանող 600 ընկերությունների թվում է, որոնք ընդգրկված են վերանայման մեջ, գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է VW խմբի մեջ մտնող Audi-ի գլխավոր գործադիր տնօրեն Գերնոտ Դյոլները։

Ducati-ի ապագայի քննարկումը VW-ում ընթացող բիզնեսի արդյունավետության գնահատման ընդհանուր գործընթացի մի մասն է, որտեղ հավատարիմ են «ակտիվների պորտֆելի կարգապահ և պատասխանատու կառավարման» սկզբունքներին, նշել է Դյոլները։ Նա հավելել է, որ առայժմ որևէ որոշում չի ընդունվել։

Սուպերբայքեր արտադրողի արժեքը կարող է կազմել մոտ 1,25 մլրդ եվրո, համանման ընկերությունների գնահատականներից ելնելով՝ կարծում է Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Մայքլ Դինը։

Ducati-ն հիմնադրվել է 1926 թվականին Բոլոնիայում՝ Ադրիանո, Բրունո և Մարչելո Դուկատի եղբայրների կողմից։ Սկզբում ընկերությունը մասնագիտանում էր ռադիոտեխնիկայի արտադրության մեջ։ Ducati-ն մոտոցիկլետների արտադրությամբ զբաղվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ այժմ տարեկան թողարկում է մոտ 50 հազար մոտոցիկլետ։ Անցյալ տարվա արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 925 մլն եվրո, գործառնական շահույթը՝ 52 մլն եվրո։

Audi-ն ձեռք է բերել Ducati-ն 2012 թվականին։ Իտալական բրենդի վաճառքի հարցը բարձրացվել էր 2017 թվականին, երբ այն գնելու հետաքրքրվածություն էր հայտնել ամերիկյան Harley-Davidson Inc.-ը։

VW-ն իրականացնում է ակտիվների համապարփակ վերանայում՝ ծախսերը կրճատելու և իր մրցունակությունը բարձրացնելու նպատակով։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, կոնցեռնի դիտորդ խորհրդը հաստատել էր բիզնեսի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսում է աշխատակազմի լայնածավալ կրճատում, մոդելային շարքի կիսով չափ կրճատում, ինչպես նաև Գերմանիայում մի քանի գործարանների փակման հնարավորություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *