Ի պատասխան Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշման՝ Իսրայելը կփակի Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը, երեքշաբթի հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։
Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտնել էր, որ արգելք է դրվում Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ առևտրի վրա, քանի որ դրանք միջազգային իրավունքով համարվում են ապօրինի։ Նա ընդգծել է, որ Լոնդոնը միջոցներ կձեռնարկի այդ բնակավայրերում գործող ընկերությունների դեմ և կարգելի դրանց հետ կապված որևէ ապրանքի կամ ծառայության գովազդը։ Միևնույն ժամանակ, Միլիբենդի խոսքով, բուն Իսրայելի հետ՝ նրա օրինական սահմաններում, առևտուրը չի սահմանափակվի։
Սաարի խոսքով՝ Բրիտանիայի լեյբորիստական կառավարության սահմանած սահմանափակումները, անաչառությունից հեռու ու միակողմանի հակաիսրայելական հռետորաբանության հետ մեկտեղ, արդեն իսկ էապես նպաստել են բրիտանաբնակ հրեաների վրա հակասեմական հարձակումների աննախադեպ աճին։ Նախարարը նկատել է նաև, որ Լոնդոնի այս քայլերով միջամտություն է կատարվում հոկտեմբերի վերջին սպասվող Իսրայելի ընտրություններին։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուի համաձայնությամբ որոշել եմ փակել Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսությունը․ սա Բրիտանիայի լեյբորիստական կառավարության նոր պատժամիջոցների նկատմամբ իսրայելական պատասխան քայլերի շարքից է»,- հայտարարել է Սաարը։
ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ իսրայելական կողմի հաջորդ պատասխան քայլը կլինի Կիրյատ Գաթում տեղակայված Գազայի իրավիճակի մոնիտորինգի և աջակցության միջազգային կենտրոնից բրիտանացի ներկայացուցիչների հեռացումը։
Իսրայելի պատասխան միջոցառումները ներառում են նաև Արևմտյան ափին Պաղեստինյան ինքնավարության ուժերի վերապատրաստման ուղղությամբ բրիտանական կողմի գործունեության դադարեցումը։ Հաջորդ հակաքայլով կարգելվի Բրիտանիայի 12 ընտրված ներկայացուցիչների և հակասեմական ու հակաիսրայելական գործունեության մեջ ներգրավված այլ քաղաքացիների մուտքը Իսրայել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի, ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի, ինչպես նաև ծայրահեղական բնակիչների ու նրանց հետ կապված կազմակերպությունների նկատմամբ։
Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի բնակեցման գործունեությունը միջազգային հանրության և Պաղեստինյան ինքնավարության հետ նրա հարաբերությունների առանցքային խնդիրներից է։ Բացի այդ, այս քայլերը խոչընդոտում են պաղեստինցիների հետ խաղաղության որոնմանը, որոնք հրեական բնակեցումը դիտարկում են որպես պաղեստինյան տարածքներում հրեական պետության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն։