Թրամփը չի առարկել իսրայելական բնակավայրերի դեմ Լոնդոնի պատժամիջոցներին․ Axios

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը նախապես տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերից ապրանքների ներմուծման արգելք սահմանելու Լոնդոնի մտադրության մասին։ Թրամփը չի առարկել նման գործողություններին և չի խնդրել Բըրնհեմին զերծ մնալ պատժամիջոցներ կիրառելուց, հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պորտալի տվյալներով՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները նույնպես Բրիտանիայի ԱԳՆ-ին հայտնել են, որ կիսում են Արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ Լոնդոնի մտահոգությունը, նույնիսկ եթե համամիտ չեն ապրանքների ներմուծման արգելքի անհրաժեշտության հետ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնն առայժմ հրապարակային գնահատական չի տա Լոնդոնի գործողություններին։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան իրավասու է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ է համարում, սակայն ԱՄՆ-ն մտադիր չէ բնակավայրերի հարցում որդեգրել նմանատիպ քաղաքականություն։ Ինչպես հայտարարել է Ռուբիոն, ԱՄՆ-ն նախևառաջ շահագրգռված է Իսրայելում և Հորդանան գետի Արևմտյան ափին կայունության պահպանմամբ։

Սեպտեմբերի 8-ին Միացյալ Թագավորության արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան արգելք է դնում Արևմտյան ափի հրեական բնակավայրերից ապրանքների ներմուծման վրա։ Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ն խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել Մեծ Բրիտանիայի դեմ․ մասնավորապես, խոսքը Երուսաղեմում բրիտանական հյուպատոսության փակման մասին է։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն սեպտեմբերի 8-ին նույնպես հայտարարել էր, որ Փարիզը մտադիր է դադարեցնել Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտրային հարաբերությունները։ Նրա խոսքով՝ նախաձեռնությանը պետք է միանան Դանիան, Իրլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Շվեդիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *