Օրեր առաջ Հայաստանում էին շուրջ 150 թուրք գործարարներ։ Երկօրյա գործարար համաժողովի ընթացքում նրանք հայ գործընկերների հետ քննարկել էին առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Թուրք գործարարների այցի նկատմամբ, սակայն, քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ չէ։ Հարցված քաղաքացիների մի մասը դրական է գնահատում նրանց այցը։ Քաղաքացիների կարծիքով՝ տնտեսական կապերի զարգացումը կարող է նոր բիզնեսներ ու աշխատատեղեր ստեղծել, ավելացնել ներդրումները և նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի տնտեսության համար։
Մյուս քաղաքացիներն էլ կարծում են, որ սահմանների բացման դեպքում առևտրային կապերը ավելի արագ կզարգանան, իսկ հայաստանյան արտադրողները հնարավորություն կստանան դուրս գալ նոր շուկաներ։
Մեկ այլ տեսանկյունից՝ հարցվածների մի մասը դեմ է թուրք գործարարների հետ համագործակցության խորացմանը։ Նրանց համար տնտեսական շահը չի կարող վերացնել Թուրքիայի նկատմամբ ունեցած անվստահությունը։ Քաղաքացիները շեշտում են, որ երկու ժողովուրդների միջև բարեկամության մասին խոսել դեռ վաղ է, իսկ պատմական և քաղաքական խնդիրները շարունակում են մնալ։
Ոմանք նաև մտահոգված են, որ թուրքական ընկերությունների ավելի ակտիվ ներկայությունը կարող է վնասել հայկական արտադրողներին և փոքր բիզնեսին՝ ուժեղացնելով մրցակցությունը։
Այսպիսով՝ թուրք գործարարների այցը քաղաքացիների շրջանում տարբեր արձագանքներ է առաջացրել։ Մի մասը դրա մեջ տնտեսական հնարավորություն է տեսնում՝ նոր աշխատատեղեր, ներդրումներ և բիզնես կապեր, մյուսների համար՝ անվստահություն և անվտանգության մասին մտահոգություններ։ Թե տնտեսական համագործակցությունը որքանով կխորանա, դեռ պարզ չէ, բայց քաղաքացիների կարծիքները ցույց էին տալիս՝ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հարցում հասարակության դիրքորոշումը դեռևս միանշանակ չէ։
https://www.youtube.com/watch?v=mfItU9oYAnc