Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ստորագրել է երկրի խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 25-ին նշանակելու մասին հրամանագիր․ հայտնում է BBC-ն։
Վուչիչը 8 րոպեանոց ուղերձով դիմել է ազգին՝ նախքան լուծարման փաստաթուղթն ուղիղ եթերում ստորագրելը. հրամանագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։
Երկուշաբթի Սերբիայի կառավարությունը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հաջորդ օրն Ալեքսանդր Վուչիչը պետական RTS հեռուստաալիքով հայտարարել է, որ համաձայն է խնդրանքին։
«Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին», – հայտարարել է Վուչիչը։
Այս որոշումը կայացվել է գրեթե երկու տարի շարունակվող ուսանողական զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել են Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերին երկաթուղային կայարանի բետոնե ծածկը փլուզվել էր, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Զայրացած բնակիչները պահանջել են, որ իշխանությունները հրապարակեն կայարանի վերանորոգման վերաբերյալ ամբողջական փաստաթղթերը, որոնք ավարտվել էին ողբերգությունից կարճ ժամանակ առաջ։
Հետագայում բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են հետաքննել ոչ միայն կապալառուների, այլև համապատասխան նախարարների գործողությունները, և բողոքի ցույցերը, ի վերջո, տարածվել են ամբողջ երկրով մեկ։
Ցուցարարները մեղադրում էին անձամբ Ալեքսանդր Վուչիչին, ինչպես նաև կառավարության նախարարներին և իշխող կուսակցությանը լայնածավալ կոռուպցիայի համար: Նրանց հիմնական պահանջներն էին նախագահի և կառավարության հրաժարականը, որին պետք է հաջորդեին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Վուչիչը Սերբիայի նախագահն է 2017 թվականից։