Եվրամիության Ընդհանուր դատարանը երրորդ անգամ մերժեց ռուս գործարար Ռոման Աբրամովիչի հայցը, որով նա վիճարկում էր իր նկատմամբ ԵՄ սահմանափակող միջոցների երկարաձգումը, և հաստատեց պատժամիջոցների օրինականությունը։
Աբրամովիչը ձգտում էր չեղարկել ԵՄ խորհրդի որոշումները՝ իր անունը պատժամիջոցային ցանկերում պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև պահանջում էր փոխհատուցում բարոյական վնասի համար, որը, նրա պնդմամբ, իրեն պատճառվել էր իր դեմ կիրառված միջոցներով։
Դատարանը հանգեց այն եզրակացության, որ ԵՄ խորհուրդն իրավասու էր երկարաձգել պատժամիջոցները և գործել էր իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ Դատավորները միաժամանակ մերժեցին Աբրամովիչի այն փաստարկը, ըստ որի իրականում որոշումներն ընդունել են խորհրդի աշխատանքային խմբերը, որոնք զբաղվել են համապատասխան նյութերի պատրաստմամբ։ Դատարանի կարծիքով՝ աշխատանքային խմբերը միայն նախապատրաստական աշխատանք են կատարել, մինչդեռ վերջնական որոշումը մնացել է ԵՄ խորհրդին։
Դատարանը նաև ընդունել է, որ ձեռնարկատերերին պատժամիջոցային ցանկերում ներառելու չափանիշները օբյեկտիվ են, բավարար չափով հստակ և համաչափ։ Դրանք նախատեսում են սահմանափակումների կիրառում Ռուսաստանում գործող խոշոր գործարարների նկատմամբ, ներառյալ՝ այն ոլորտներում, որոնք ռուսական կառավարության եկամուտների էական աղբյուր են։
Դատարանի գնահատմամբ՝ Աբրամովիչի ակտիվների հենց ծավալն է դարձել նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքը, այլ ոչ թե նրա հանրային ճանաչվածությունը։
Աբրամովիչը ռուսական խոշորագույն մետալուրգիական և հանքարդյունահանող հոլդինգներից մեկի՝ Evraz-ի հիմնական բաժնետերն է։ Բացի դրանից, նրան են պատկանում «Նորնիկել»-ի բաժնետոմսեր՝ պալադիումի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի և նիկելի խոշոր արտադրողի։
Դատարանը նշել է, որ ընկերությունների գործունեությունը մետալուրգիական և հանքարդյունահանող ոլորտներում ռուսական կառավարության եկամուտների էական աղբյուր է։
Դատարանը որոշեց նաև, որ սահմանափակող միջոցները համապատասխանում են ԵՄ օրենսդրությանը և չեն խախտում հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Մասնավորապես, տեղաշարժի ազատության նկատմամբ նախատեսված սահմանափակումներն ուղեկցվում են բացառություններով և պարբերական վերանայմամբ, իսկ միջոցներն իրենք համաչափ են Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակին։