Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը, որը ողջունել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաջողությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը։ Կանցլերի ներկայացուցիչը հրաժարվել է նշել չեղարկման պատճառը, սակայն ընդգծել է, որ այն կապված չէ ժամանակացույցի խնդիրների հետ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Զրույցի չեղարկումը տեղի է ունեցել Սաքսոնիա-Անհալտում տեղի ունեցած ընտրություններում աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության խոշոր հաջողության ֆոնին։ Միևնույն ժամանակ Թրամփը հրապարակայնորեն ողջունել է AfD-ի արդյունքը՝ այն կուսակցության համար «իսկապես մեծ գիշեր» անվանելով։

«Գերմանիայի պոպուլիստական կուսակցությունը հենց նոր իսկապես մեծ գիշեր ապրեց։ Նրանք վերջապես հոգնել են բացարձակապես սարսափելի ներգաղթային կանոններից ու նորմերից, որոնք այդքան մեծ վնաս են հասցրել Գերմանիային։ Նրանք ուժ են հավաքում և այլևս չեն պատրաստվում դա հանդուրժել»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը հրապարակումն ավարտել է MGGA հապավումով՝ ակնհայտորեն հարմարեցնելով իր «Եկե՛ք կրկին մեծ դարձնենք Գերմանիան» (Make Germany Great Again) կարգախոսը։

Մերցի ներկայացուցիչը չի մեկնաբանել անմիջականորեն Թրամփի հայտարարությունը և հրաժարվել է խոսել հեռախոսազրույցի չեղարկման ու ամերիկացի նախագահի հրապարակման միջև հնարավոր կապի մասին։

Նա նշել է, որ կանցլերը բազմիցս հանդես է եկել Գերմանիայի ներքաղաքական իրավիճակի, հատկապես ընտրությունների հետ կապված, արտաքին միջամտության կամ մեկնաբանությունների դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *