Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի անվան հետ կապված «Պուլս» հարթակն արձագանքել է NEWS.am-ի՝ «Փաշինյանի դուստրը դեմպի՞նգ էանում սպորտային ակումբների և ֆիթնես ոլորտում. 240 ընկերություն դարձել են «գործընկեր»» վերտառությամբ հրապարակմանը՝ ըստ էության հաստատելով Մարիամ Փաշինյանի ուղղակի առնչությունը նախագծին:
Հիշեցնենք, որ NEWS.am-ին ահազանգած տնտեսվարողների ներկայացուցիչները պնդում են, թե Մարիամ Փաշինյանն իր սոցցանցային անձնական էջով կապ է հաստատում կոնկրետ մարզասրահների և ակումբների հետ, ներկայանում որպես «Պուլս» ընկերության մարքեթինգի ղեկավար և առաջարկում նախագիծը ներկայացնել մենեջմենթին: Ըստ նույն աղբյուրների՝ այն դեպքերում, երբ որոշ ակումբներ չեն արձագանքում կամ հետաքրքրվածություն չեն ցուցաբերում, առաջարկվում է ղեկավարության հետ ուղղակի կապ հաստատել, ինչից հետո, ըստ նրանց, համագործակցության պայմանագրերը բավականին արագ են կնքվում: «Կարևոր ենք համարում ընդգծել, որ puls-ը երբեք խտրական վերաբերմունքի չի ենթարկում իր աշխատակիցներին ո՛չ սեռի, ո՛չ տարիքի, ո՛չ ռասայական պատկանելիության, ո՛չ ընտանեկան դրության, ո՛չ էլ քաղաքական հայացքների հիմքով»,- նշված է «Պուլսի» մամուլի ծառայության՝ NEWS.am-ին ուղարկված պարզաբանման մեջ:
Նկատենք, որ խոսքը ոչ թե կոնկրետ տարիքի և սեռի, կամ քաղաքական հայացքներ ունեցող աշխատակցի, այլ երկրի ղեկավարի դստեր մասին է: Ուշագրավ է նաև, որ հարթակի ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել, թե ինչու է Փաշինյանի դուստրն իր անձնական էջով գործնական առաջարկներ անում մարզասրահներին և ֆիթնես ակումբներին, այն դեպքում, երբ նմանօրինակ առաջարկներ անելն ընդունված է և էթիկապես կոռեկտ է բրենդի պաշտոնական էջով: Փոխարենը հարթակի ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենք «ֆանտաստիկ գործ են անում»: «Նմանօրինակ հարթակներ գործում են բոլոր զարգացած երկրներում (Wellhub, ClassPass և այլն):
Հայաստանյան puls-ն էլ միջազգային խորհրդատվության, փորձի ուսումնասիրության, շուկայի առկա իրավիճակի գնահատման և խնդիրների վերհանման արդյունքում ներկայանում է բազմաթիվ մրցակցային առավելություններով թե՛ գործընկեր մարզասրահների, թե՛ կորպորատիվ հաճախորդների և թե՛ վերջիններիս աշխատակիցը հանդիսացող անձանց համար։ Հայաստանյան շուկայում puls-ը նպատակ ունի լինել իր դասի մեջ լավագույնը՝ խթանելով մարզումների նոր մշակույթի ձևավորումը մասնավորապես աշխատող անձանց շրջանում, որոնք եվրոպական երկրների նույն թիրախային լսարանի համեմատ 3 անգամ ավելի քիչ են զբաղվում սպորտով՝ անտեսելով ոչ միայն առողջ ապրելակերպը, այլև ընդհանուր ֆիզիկական ու մտավոր բարեկեցությունը (պատճառներից մեկն, օրինակ, ՀՀ-ում եվրոպական շուկայի միջինից ավելի բարձր գներն են մարզասրահների բաժանորդագրությունների համար)։ puls-ում մենք համոզված ենք, որ ֆանտաստիկ գործ ենք անում թե՛ գործընկեր մարզասրահների համար (որոնց թիվն անպայման պետք է աճի մարզումը կայուն սովորություն դարձրած աշխատողների թվի աճին զուգընթաց), թե՛ կազմակերպությունների համար (որոնք շատ ավելի հստակ կպլանավորեն աշխատակիցների արտոնությունների համար նախատեսված բյուջեն, կիմանան՝ ինչն է աշխատում հենց իրենց կազմակերպությունում, տվյալահեն որոշումներ կկայացնեն հաջորդ տարիների համար), և թե՛ սթրեսը սպորտի և առողջ ապրելակերպի միջոցով հաղթահարել սովորող հայաստանյան օգտատերերի համար»,- ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ NEWS.am-ն իր հրապարակման մեջ նշել էր, որ նմանատիպ հավելվածներ նախկինում ևս գործել են շուկայում, սակայն որևէ նախագծի չի հաջողվել նման տեմպերով ընդլայնվել: Անդրադառնալով Մարիամ Փաշինյանի առաջարկից հետո պայմանագրերի՝ որոշ դեպքերում ոչ շահավետ պայմաններով կնքվելու վերաբերյալ տեղեկություններին, հարթակից պարզաբանել են․ «Հարթակի գործընկերների ցանցի ընդլայնումը տեղի է ունենում տվյալ մարզավայրերի հետ ուղիղ գործակցության և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։ puls-ի յուրաքանչյուր գործընկեր մշտապես լսված է և puls-ի թիմի հետ ազատորեն քննարկում է գործակցության նախընտրելի պայմանները և դրանց համապատասխանությունը իր բիզնես շահերին։ Հոդվածում օգտագործված «դեմպինգ» և «անբարեխիղճ մրցակցություն» որակումները puls-ի վերաբերյալ ներկայացված են որպես շուկայի առանձին և չնշված ներկայացուցիչների ենթադրություններ»:
Հաշվի առնելով, որ տնտեսվարողների ահազանգերը պարունակում են անբարեխիղճ մրցակցության և հնարավոր հովանավորչության ռիսկեր, ինչպես նաև այն հանգամանքը, որ հարթակի ներկայացուցիչներն իրենց պաշտոնական պարզաբանմամբ չեն հերքել Մարիամ Փաշինյանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հարթակի առաջխաղացման և ընդլայնման փաստը՝ NEWS.am-ը ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրում տեղի ունեցածի վրա։ Մասնավորապես անհրաժեշտ է ստուգել կամ քննության առարկա դարձնել այն հանգամանքը, թե ինչպես են 200-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ խոշոր ակումբներ, կարճ ժամանակահատվածում և հնարավոր անհավասար պայմաններով սկսել համագործակցել նորահայտ հարթակի հետ: