Գրեթե բոլոր երկրներում ակադեմիական շրջանակները մշտապես կարևոր դերակատարում են ունեցել երկրի ներքին և արտաքին միջավայրում տեղի ունեցող իրադարձություններում։ Նրանց կողմից առաջ քաշված խնդիրները կարող են կենսական նշանակություն ունենալ երկրի երկարաժամկետ զարգացման գործում։ Հետևաբար, ակադեմիական շրջանակների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ապահովել նրանց անկախությունը պետական մարմիններից։
Այս առումով աշխարհում հաշվարկվում է Ակադեմիական անկախության համաթիվը (Academic Freedom Index – AFI) , որը տատանվում է 0-1 բալ միջակայքում։ Ցուցանիշը որքան մոտ է 1-ին, այնքան մեծ է անկախությունը։
Սա գլոբալ ցուցիչ է, որը գնահատում է աշխարհի երկրներում գիտնականների, դասախոսների, բուհերի և գիտակրթական կառույցների ազատության աստիճանը:
2025թ․ ամենաբարձր ակադեմիական անկախությունն արձանագրվել է Չեխիայում՝ 0․98 բալ։
Երկրորդ տեղում է Էստոնիան՝ 0․97 բալ, իսկ երրորդում՝ Բելգիան՝ 0․95 բալով։
Ակադեմիական անկախություն գրեթե գոյություն չունի Նիկարագուայում, էրիթրեայում և Հս․ Կորեայում։
Իսկ ահա մեր երկրում և նրա շուրջը իրավիճակը հետևյալն է․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի և Վրաստանի ցուցանիշը կազմել է 0․58։
Հայաստանում 2025թ․ 2015թ․ համեմատ ակադեմիական անկախության համաթիվը նվազել է մոտ 33%-ով, իսկ Վրաստանում՝ 13%-ով։
Ադրբեջանում ցուցանիշը հաստատվել է 0․09 բալ մակարդակում։ Թուրքիայում այն կազմել է 0․09 բալ, որտեղ արձանագրվել է ամենամեծ անկումը՝ 68%-ով։
Իրանը և Բելառուսը տարածաշրջանի երկրների համեմատ ունեն նվազագույն մակարդակ՝ 0․06 բալ։
Ռուսաստանում ցուցանիշը կազմել է 0․18 բալ։
Ներկայացված ցանկի երկրներից միայն Ղազախստանում է արձանագրվել ակադեմիական անկախության համաթվի զգալի աճ՝ 40%-ով, 2025թ․ 2015թ․ համեմատ։ Արդյունքում ցուցանիշը հասել է 0․38 բալ մակարդակի։