Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ պետական գնումների կանոնների լայնածավալ բարեփոխում, որը պետք է խթանի ազգային իշխանություններին և հանրային հաստատություններին նախապատվությունը տալ եվրոպական արտադրության ապրանքներին և ծառայություններին, գրում է The Guardian-ը։
Չորեքշաբթի ըստ «Գնիր եվրոպականը» նախաձեռնության շրջանակում հրապարակված առաջարկների՝ դպրոցները, հիվանդանոցները և այլ պետական կազմակերպություններ ավելի մեծ հնարավորություն կստանան ընտրելու եվրոպական մատակարարների։ Միաժամանակ, ի տարբերություն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտում նախկինում առաջարկված միջոցների, «արտադրված է Եվրոպայում» արտադրանքի համար պարտադիր քվոտաներ ներդնել չի նախատեսվում։
Բրյուսելում մտահոգված են, որ շատ պետական հաստատություններ ԵՄ գործող կանոններն ընկալում են որպես պահանջ՝ բյուջետային միջոցներ ծախսելիս ընտրել ամենաէժան առաջարկը։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել Եվրոպայից դուրս գտնվող ընկերությունների հետ պայմանագրերի կնքմանը։
Արդյունաբերական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ եվրոպական ապրանքներ և ծառայություններ ընտրելիս նոր կանոնները պետք է պետական պատվիրատուներին ապահովեն ավելի մեծ իրավական որոշակիությամբ և հստակությամբ։
Ըստ նրա՝ պատվիրատուները կկարողանան նախապատվություն տալ եվրոպական առաջարկներին, ինչպես նաև սահմանափակել կամ մերժել այն երկրների հայտերը, որոնք ԵՄ-ի հետ պետական գնումների վերաբերյալ համաձայնագրեր չունեն կամ այդ ոլորտի միջազգային կանոնները չեն պահպանում։
Սեժուրնեն հույս է հայտնել, որ նոր կանոնները նաև կուժեղացնեն հանրային վերահսկողությունը տեղական մակարդակում բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ։
«Եթե պատվիրատուները նախընտրեն չինական ավտոբուսները եվրոպականներից, դա Եվրահանձնաժողովի մեղքը չի լինի, քանի որ կարգավորման նախագիծը բոլոր հնարավորությունները տալիս է նախապատվություն տալ եվրոպական ավտոբուսներին»,- հայտարարել է եվրահանձնակատարը։