Նորվեգիան չորեքշաբթի հրաժեշտ տվեց թագավոր Հարալդ V-ին․ հազարավոր մարդիկ դուրս եկան Օսլոյի փողոցներ՝ միապետին վերջին հրաժեշտը տալու համար, իսկ սգո արարողությանը ժամանել էին թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ և ավելի քան 20 երկրների առաջնորդներ, հայտնում է Associated Press-ը։
Հուղարկավորության թափորը սկսվեց թագավորական պալատից և ուղղվեց դեպի Օսլոյի մայր տաճար։ Արարողության սկզբում մայրաքաղաքի վրա հնչեց 21 հրետանային համազարկից բաղկացած հրավառությունը։ Նորվեգիայի թագավորական դրոշով ծածկված դագաղի հետևից քայլում էին նոր թագավոր Հոկոն VIII-ը և թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հարալդի այրին՝ թագուհի Սոնյան, և Հոկոնի կինը՝ թագուհի Մետտե-Մարիտը, թափորին հետևում էին ավտոմեքենայով։

Հուղարկավորությանը ժամանել էին Շվեդիայի, Դանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի և Հորդանանի միապետները, բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը, Ճապոնիայի գահաժառանգ արքայազն Ակիսինոն, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ավելի քան 20 երկրների այլ քաղաքական առաջնորդներ։
Սգո արարողության մեկնարկով Նորվեգիայում մեկ րոպե լռություն հայտարարեցին։

Հարալդ V-ը մահացել է օգոստոսի 28-ին՝ 89 տարեկան հասակում։ Նա Նորվեգիան ղեկավարել է 35 տարի և եղել է Եվրոպայի ամենատարեց միապետը։ Իր կառավարման ընթացքում թագավորն արդիականացրել է թագավորական տունը, սակայն հրաժարվել է հետևել եվրոպական մի շարք միապետների օրինակին, որոնք վերջին տարիներին հրաժարվել էին գահից։ Նրա մահից հետո գահն անմիջապես անցավ նրա որդուն՝ Հոկոնին, որն անցած շաբաթ խորհրդարանում Նորվեգիայի սահմանադրությանը հավատարմության երդում էր տվել։

Արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ խորհրդարանի խոսնակ Մասուդ Գարախանին ընդգծել է Հարալդի մտերմությունը հասարակ մարդկանց հետ։ Նրա պատմելով՝ թագավորը «չէր վախենում հանդիպել ռետինե ճտքակոշիկներով մարդկանց»։ Խորհրդարանի խոսնակը հիշեցրել է նաև միապետի խոսքերը 2008 թվականի ամանորյա ուղերձից, որտեղ նա կոչ էր արել մարդկանց չանվանել «հասարակության ամենաթույլերը»՝ ընդգծելով, որ նրանցից ոմանք իրականում ամենաուժեղներից են։
Հարալդին հրաժեշտ տալու էին եկել հազարավոր նորվեգացիներ։ Օսլոյի կենտրոնում փողոցները փակվել էին, իսկ թափորի երթուղու երկայնքով հավաքվել էին ազգային դրոշներով մարդիկ։ Արարողությունը հեռարձակվում էր երկրի ամբողջ տարածքում գտնվող եկեղեցիների, գրադարանների, մշակութային կենտրոնների և քաղաքապետարանների շենքերի մեծ էկրաններով։

Հուղարկավորությունից առաջ ավելի քան 46 հազար մարդ եկել էր թագավորական պալատի մատուռ՝ Հարալդին հրաժեշտ տալու համար։ Օրերից մեկում դագաղի մոտ հերթը ձգվել էր մինչև յոթ ժամ։
Արարողությունից հետո թագավորի դագաղը փոքր թափորով տեղափոխվեց Ակերշհուսի ամրոց, որտեղ թաղված են նրա նախորդները։ Նրա հետևից գնում էին Հոկոն VIII-ը և սկանդինավյան ևս երկու միապետներ՝ Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը և Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը։
Նորվեգական միապետությունն իր պատմությունը սկսում է IX դարից։ Այսօր թագավորի դերը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, իսկ քաղաքական իշխանությունը պատկանում է ընտրվող կառավարությանը և խորհրդարանին։