Tetris ընկերությունը Սպիտակ տանը մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ․ խաղը հեռացվել է կայքից

Սպիտակ տունն իր կայքից հեռացրել է Tetris-ի ոճով «Build the Wall» խաղը այն բանից հետո, երբ Tetris ընկերությունը հրապարակայնորեն ակնարկել էր հեղինակային իրավունքների խախտման մասին, հայտնում է NBC News-ը։

Խաղը հայտնվել էր Սպիտակ տան կայքում անցյալ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական օրակարգին նվիրված տեսախաղերի շարքի շրջանակում։ Օգտատերերին առաջարկվում էր դասավորել «աղյուսները» և այդ կերպ կառուցել պատ ԱՄՆ-ի հարավային սահմանի երկայնքով՝ հետ մղելով «զոմբիների սահմանային պաշարումը»։ Խաղի անվանումն ու մեխանիկան ակնարկում էին հանրահայտ Tetris հանելուկ խաղին։

Tetris ընկերությունը հայտարարել է, որ չի մասնակցել խաղի ստեղծմանը և «շատ լրջորեն է վերաբերվում հեղինակային իրավունքների խախտմանը»։ Միևնույն ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Tetris-ը հանդես է գալիս մարդկանց միավորելու, ոչ թե նրանց բաժանելու օգտին։

Wayback Machine-ում պահպանված Սպիտակ տան կայքի արխիվային պատճենը ցույց է տալիս, որ խաղը հասանելի է մնացել առնվազն մինչև երկուշաբթի, սակայն երեքշաբթի այն անհետացել է։ Tetris-ը և Սպիտակ տունը դեռևս չեն պատասխանել NBC News-ի հարցմանը՝ դրա հեռացման պատճառների վերաբերյալ։

Շարքի մյուս խաղերը դեռևս մնում են կայքում։ Այսպես, «Rio Run»-ը կրկնում է հանրահայտ Snake խաղի մեխանիկան․ խաղացողը պետք է պարեկություն անի գետի երկայնքով անցնող սահմանին և «բռնի այն հատող յուրաքանչյուրին»։ «Flappy Bill»-ը հիմնված է Flappy Bird-ի սկզբունքի վրա․ խաղացողը կառավարում է սպիտակագլուխ ծովարծիվը և պետք է այն պահի օդում՝ թռչելով հուշարձանների միջև։

Սպիտակ տունը նաև այլ հանրահայտ տեսախաղերի ճանաչելի տարրեր է օգտագործել գովազդային նյութերում։ Տեսանյութերից մեկում փոխվել էր Xbox-ի մեկնարկային էկրանը, մյուսում Sega-ի լոգոն և ձայնը փոխարինվել էին «MAGA»-ով։ Մեկ այլ տեսանյութ էլ նմանակել էր Nintendo GameCube-ի մեկնարկային էկրանը։

Երեքշաբթի Սպիտակ տունը X-ում հրապարակել է Nintendo-ի «The Legend of Zelda» խաղի ոճով տեսանյութ։ Էկրանին հայտնվել են «The Legend of Trump» անվանումը և «Make America Great Again» կարգախոսը՝ բնօրինակ խաղի լոգոտիպի և տառատեսակի օգտագործմամբ։ Տեսանյութում հնչում է նաև Zelda-ից երաժշտություն։

Թրամփի վարչակազմը նախկինում ևս քաղաքական նյութերում օգտագործել է հանրահայտ տեսախաղերի տարրեր, գրքերի ու մուլտֆիլմերի կերպարներ, ինչպես նաև հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտություն։ Մի շարք դեպքերում իրավատերերն ու արտիստները հրապարակայնորեն հանդես են եկել նման օգտագործման դեմ։

Դեկտեմբերին Kids Can Press հրատարակչությունը դատապարտել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հրապարակումը, որում մանկական գրքի հերոսը՝ Ֆրանկլին կրիան, պատկերված էր ռազմական համազգեստով և նռնականետով։ Նույն ամսին երգչուհի Սաբրինա Քարփենթերը քննադատել էր Սպիտակ տանը՝ ներգաղթի ծառայության աշխատակիցների կողմից մարդկանց ձերբակալությունների մասին տեսանյութում իր երգն օգտագործելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *