ABC News-ի հաղորդմամբ՝ Կալիֆոռնիայից մինչև Կենտուկի, երկրի արևմտյան և կենտրոնական շրջանների ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ նախազգուշացվել են վտանգավոր շոգի մասին։
Հատկապես ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ ջերմաստիճանը կլիմայական նորմայից մոտ 20 աստիճանով բարձր է, իսկ անսովոր բարձր խոնավությունն ուժեղացնում է շոգի ազդեցությունը։ Տեղացի որոշ օդերևութաբաններ ներկայիս պայմաններն իրենց ամբողջ մասնագիտական փորձի ընթացքում ամենածայրահեղներից են անվանում։
Չորեքշաբթի շոգի ինդեքսը՝ ցուցանիշ, որը հաշվի է առնում ոչ միայն օդի ջերմաստիճանը, այլև խոնավությունը, Լոս Անջելեսում կարող է հասնել 45°C-ի, Սան Դիեգոյում՝ 39°C-ի, իսկ Ինդիո քաղաքում՝ 47°C-ի։
Ծայրահեղ շոգի վերաբերյալ նախազգուշացումները գործում են Սան Դիեգոյից մինչև Լաս Վեգաս և Ֆինիքս ընկած տարածքում։ Բացի դրանից, շոգի պատճառով բարձր վտանգի ռեժիմ է հայտարարվել Կալիֆոռնիայի տարբեր շրջաններում՝ Բեյքերսֆիլդից մինչև Սան Ֆրանցիսկո և Սակրամենտո։
Շաբաթավերջին սպասվում է ջերմաստիճանի որոշակի նվազում։ Մինչև շաբաթ ավելի զով օդը պետք է հասնի Հյուսիսային և Հարավային Կալիֆոռնիա. Սակրամենտոյում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 29°C, իսկ Բըրբենքում՝ մինչև 32°C։
Ընդսմին, շոգի ալիքը տարածվում է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններ։ Չորեքշաբթի շոգի ինդեքսը Դալասում և Լիթլ Ռոքում կարող է բարձրանալ մինչև 41°C, Օկլահոմա Սիթիում՝ 40°C, Մեմֆիսում՝ 40°C, իսկ Լուիսվիլում՝ 39°C։
Հինգշաբթի որոշ քաղաքներում, ներառյալ՝ Օկլահոմա Սիթիում, սպասվում է ժամանակավոր թեթևացում, սակայն ուրբաթից կիրակի, ըստ կանխատեսումների, ուժեղ շոգն ու բարձր խոնավությունը կրկին կուժեղանան։