ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Այսինքն՝ մեկնարկել ենք երկխոսություն, որից հետո ստացել ենք գործընկերներից գործողությունների ծրագիրը, որտեղ շատ հստակ ներկայացված է, թե ինչ է ակնկալվում հայաստանյան կողմից։ Այժմ իրականացնում ենք կոնկրետ միջոցառումներ։ Այս ժամանակահատվածում ունեցել ենք գնահատման առաքելություններ և կշարունակենք այդպիսիք, սա նշանակում ՝ եվրոպական կողմը պարբերաբար դիտարկելու է գործողությունների կատարման պլանը, հասկանալու է՝ որոնք են կատարված, որոնք չկատարված»,- ընդգծել է նախարարը։

Նա նշել է, որ առաջին առաջընթացի զեկույցը շատ դրական է եղել եվրոպացի գործընկերների կողմից. «Արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական. Հայաստանն առաջանցիկ տեմպերով է կատարողականն ապահովել, հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման սահմանների համալիր կառավարման կոմպոնենտը, իսկ մնացյալ ուղղություններով ընդհանուր դրական են գնահատել կատարված աշխատանքը»։

Սարգսյանը շեշտել է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին կատարված կլինի աշխատանքի պլանը. «Կարող ենք հնարավոր սեղմ ժամկետում հասնել վիզաների ազատականացման։ 2029 թվականը ՀՀ կառավարության հանձնառությունն է քաղաքական թիրախն ապահովելու բոլոր գործողությունների կատարումը, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրում, արդեն թողնելով գնդակը ԵՄ-ի դաշտում՝ կայացնելու համապատասխան որոշում։

Մենք թիրախը բիոմետրիկ համակարգն էր, որը պատրաստ կլինի նոյեմբերի 1-ին։ Ինչու 2029 թվականը, քանի որ սահմանների համալիր կառավարման բաղադրիչն է. այստեղ բազմաթիվ շերտեր կան, պիտի անդրադառնանք կադրերի պատրաստումից մինչև ֆիզիկական ու թվային ենթակառուցվածքներ, այստեղ անելիքները բազմաթիվ են»։

Անդրադառնալով Եվրամիության ներկայացուցչի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման դեռ վաղ է ժամկետների մասին խոսել, Արփինե Սարգսյանն ասաց. «Նրա արտաբերած նախադասությունները մանիպուլյատիվ ձևով են տեղ գտել հանրային տիրույթում։ Տիկին խոսնակը որևէ ձևով չի ժխտել կամ հերքել Հայաստանի հետ ԵՄ-ի երկխոսության մասին։ Ընդամենը նա հանդիսանալով ադնիմիստրատիվ պաշտոնյա շեշտել է, որ դեռևս վաղ է ասել կոնկրետ երբ կլինի վիզաների ազատականացումը, զուգահեռաբար շարունակել է, որ նրանք սերտացնում են հարաբերությունները Հայաստանի հետ և տրամաբանորեն գնում են առաջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *