ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան

Մենք վերաարժեւորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք ոչ բարդացնում ենք, ոչ էլ հեշտացնում ենք քաղաքացիության շնորհման գործընթացը։ Օրինակ՝ Հայաստանում գտնվող ազգությամբ հայը կարող է մոտենալ դիվանագիտական հաստատություն, տալ համապատասխան հայտը, այնուհետև հայտը տեղափոխվում է Հայաստանի տարածք, մենք ընթացքավորում ենք, վերադարձնում ենք պատասխանով՝ այո կամ ոչ։ Գաղափարապես ուզում ենք վերանայել քաղաքացի–պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Դժվար է ասել՝ այն անձը, որը չի գտնվում Հայաստանում, ռեզիդենտ չէ, արդյո՞ք տվյալ անձի կենսական շահը Հայաստանի Հանրապետությունն է, թե՞ ոչ։ 3 օրով Հայաստան այցելելով կամ ընդհանրապես Հայաստան չայցելելով չես կարող ասել, որ մենք ունենք ազգությամբ հայի բնակության հաստատման պահ Հայաստանում, այն սահմանում է Սահմանադրությունը։

183 օր առնվազն անձը պիտի բնակվի կոկրետ երկրում, ազգությամբ հայերի դեպքում նախատեսել ենք, որ 2 տարվա կտրվածքով պիտի ռեզիդենտության ցենզ ունենա Հայաստանում» Մենք չենք բարդացնում ընթացակարգերը, մենք կատարում ենք Սահմանադրության պահանջը։ Եվրոպացի գործընկերներն էլ են գնահատում, որ մենք շատ բաց ենք պահում քաղաքացիության շնորհման դաշտը»,- շեշտել է նախարարը։

Նա նաև ասել է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն. «Սա հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ»։

Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ–ն նախօրեին ներկայացրել է հանրային քննարկման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *