ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանը կշարունակի պատերազմն առնվազն մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք միջանկյալ ընտրությունները՝ փորձելով ազդել դրանց արդյունքի վրա, իսկ քվեարկությունից անմիջապես հետո կավարտի հակամարտությունը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Կարծում եմ՝ դա մի փոքր ավելի երկար կտևի, քան մինչև միջանկյալ ընտրությունները»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով բենզինի գների նվազման մասին հարցին Դալլասում Հանրապետական կուսակցության համագումարի ճանապարհին։
Ըստ նախագահի՝ Իրանը շահագրգռված է ազդել ամերիկյան ընտրությունների վրա և հասնել Կոնգրեսի ավելի թույլ կազմի ընտրվելուն, որը Թեհրանին հնարավորություն կտա շարունակել աշխատանքը միջուկային ծրագրի ուղղությամբ։
Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանը փլուզման եզրին է և ընտրություններից հետո կձգտի անհապաղ ավարտել պատերազմը։
«Նրանք այլևս չեն կարող դիմանալ»,- ասել է նախագահը։
Թրամփի հայտարարությունները հնչել են նավթի համաշխարհային գների նոր աճի ֆոնին։ Նավթի հենանիշային գինը կրկին գերազանցել է մեկ բարելի դիմաց 100 դոլարը՝ Իրանում ռազմական գործողությունների սրման պատճառով, ինչը նաև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների համար։
Նավթի գների աճը, հավանաբար, կհանգեցնի ԱՄՆ-ում վառելիքի հետագա թանկացմանը։ Բենզինի բարձր գներն արդեն դարձել են ամերիկացիների համար ամենացավոտ տնտեսական խնդիրներից մեկը՝ միջանկյալ ընտրություններից առաջ։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն։ Միաժամանակ նա մերժել է վառելիքի թանկացման հետևանքով հնարավոր քաղաքական վնասի վերաբերյալ մտահոգությունները՝ պնդելով, որ ամերիկացիներն աջակցում են Իրանի դեմ ռազմական գործողությանը։
«Դա Ամերիկային բացատրելը շատ հեշտ է։ Պետք է միայն հարցնել. «Թույլ կտա՞ք Իրանին ունենալ միջուկային զենք»։ Եվ պատասխանը՝ ոչ»,- հայտարարել է Թրամփը։