Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը իրավաբանորեն առ ոչինչ են հայտարարել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Թեհրանի նկատմամբ «snapback» մեխանիզմը գործի դնելու փորձը։ Այդ մասին ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է չորեքշաբթի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նիստում, հաղորդում է Mehr։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատրաստած բանաձևի նախագիծը, որը նախատեսում է իրանական միջուկային հարցը փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, չունի բավարար իրավական հիմքեր և հակասում է դիվանագիտական կարգավորման ձգտման մասին հայտարարություններին։
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի անդամներին կոչ են արել չաջակցել այդ փաստաթղթին։
Երեք երկրների կարծիքով՝ բանաձևի նախագիծն անտեսում է իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները և ուղղված է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելուն ու Իրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը թուլացնելուն։
Մոսկվան, Պեկինը և Թեհրանը հայտարարել են նաև, որ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված դրույթների ժամկետի ավարտից հետո «snapback» մեխանիզմը գործի դնելու փորձն իրավական ուժ չունի։
Բացի դրանից, երեք երկրները դատապարտել են իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումները։ Նրանց գնահտմամբ՝ ստեղծված անվտանգության իրավիճակը ԱԷՄԳ-ին չի թույլ տալիս Իրանում սովորական ռեժիմով կատարել համաձայնագրերով նախատեսված երաշխիքները։
«Snapback» մեխանիզմը Իրանի հետ միջուկային գործարքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված ընթացակարգ է, որը թույլ է տալիս վերականգնել2015 թվականի համաձայնագրի շրջանակում չեղարկված Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները:
Դրա գործարկման դեպքում պատժամիջոցները վերականգնվում են ավտոմատ կերպով, եթե Անվտանգության խորհուրդը դրանց չեղարկման մասին առանձին բանաձև չընդունի։ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ 2231 բանաձևով նախատեսված համապատասխան դրույթների գործողության ժամկետի ավարտից հետո այդ մեխանիզմն այլևս կիրառել հնարավոր չէ։