Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն պատրաստվում լքել Սիրիայի հարավում գտնվող անվտանգության գոտին։ Դրա մասին նա ասել է Սիրիայի կողմում գտնվող Հերմոն լեռան վրա իսրայելցի զինծառայողներին այցելության ընթացքում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մենք այստեղ ենք՝ Հերմոն լեռան վրա, մենք անվտանգության գոտում ենք և այստեղից չենք հեռանա»,- հայտարարել է Կացը՝ դիմելով Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային, որը, ըստ նրա, գտնվում է Դամասկոսում իր պալատում՝ այցի վայրից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա։
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը միաժամանակ Իրանին սպառնացել է նոր հարվածներով։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը արդեն երկու անգամ հարվածել է Իրանին և անհրաժեշտության դեպքում երրորդ անգամ էլ կհարվածի՝ շարունակելով կանխել սպառնալիքները։
Իսրայելական ուժերը տեղակայված են Սիրիայի հարավում այսպես կոչված անվտանգության գոտում՝ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո։ Իսրայելը զբաղեցրել է նախկին բուֆերային գոտին, որը 1974 թվականից պարեկում էին ՄԱԿ-ի ուժերը և որը բաժանում էր իսրայելական ու սիրիական զորքերը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանում։
Կացը երկու շաբաթ առաջ արդեն այցելել էր Սիրիայի հարավում գտնվող իսրայելական դիրքերը։ Այդ ժամանակ Դամասկոսը դատապարտել էր նրա այցը՝ այդ քայլը անվանելով երկրի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աղաղակող խախտում»։