Եվրամիությունը հասել է ռուսական էներգառեսուրսներից կախվածության էական կրճատման, սակայն չի կարողացել բավարար չափով ստեղծել ենթակառուցվածք, որն անհրաժեշտ է եվրոպական էներգետիկ շուկայի լիարժեք ինտեգրման համար։ Նման եզրակացության է հանգել Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ECA)՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում, գրում է Euronews-ը:
Աուդիտորները նշել են, որ 2022 թվականին REPowerEU ծրագրի մեկնարկից հետո ԵՄ-ում ռուսական գազի ներմուծումն իսկապես կտրուկ կրճատվել է։ Սակայն նրանք կոչ են արել այս ամբողջ առաջընթացը չկապել բացառապես Եվրահանձնաժողովի ծրագրի իրականացման հետ։ Գազի սպառման նվազման վրա ազդել են նաև մեղմ ձմեռները և բնակչության ու բիզնեսի կողմից պահանջարկի կրճատումը՝ էներգակիրների բարձր գների ֆոնին։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ռուսական գազի ներմուծումը 2021 թվականի 152 միլիարդ խորանարդ մետրից 2025 թվականին կրճատվել է մինչև 36 միլիարդ խորանարդ մետր, իսկ դրա մասնաբաժինը ԵՄ գազի ընդհանուր ներմուծման ծավալում 45%-ից նվազել է՝ հասնելով շուրջ 12%-ի։
Միևնույն ժամանակ, Եվրոպական հաշվեքննիչ պալատի գնահատմամբ, REPowerEU-ի ամենալուրջ խնդիրը շարունակում են մնալ վերականգնվող էներգետիկայի անբավարար հզորությունները և, առաջին հերթին, էլեկտրացանցերն ու ԵՄ երկրների միջև միջսահմանային կապերը։
2022–2024 թվականներին Եվրամիությունը արևային և քամու էներգետիկայի հզորություններն ավելացրել է ավելի քան 200 ԳՎտ-ով։ Սակայն REPowerEU-ի միջոցառումներն անմիջականորեն ապահովել են աճի միայն աննշան մասը, մինչդեռ ծրագիրը նախատեսում էր հասնել լրացուցիչ 103 ԳՎտ հզորության։
Աուդիտորները նախազգուշացրել են, որ առանց սեփական մաքուր գեներացիայի և ցանցերի զարգացման ԵՄ-ն ռիսկի է դիմում մեկ էներգետիկ կախվածությունը փոխարինել մյուսով։ Միջսահմանային կապերի պակասն արդեն իսկ մի շարք երկրների կողմից դիտարկվում է որպես ԵՄ միասնական էներգահամակարգի ստեղծման գլխավոր խոչընդոտներից մեկը։
Մեկ այլ խնդիր շարունակում է մնալ ֆինանսավորումը։ ԵՄ վերականգնման հիմնադրամի միջոցով համապատասխան ներդրումների համար հասանելի լրացուցիչ 300 միլիարդ եվրոյից Եվրամիության երկրները պարտավորվել են այդ նպատակներին ուղղել միայն 54,3 միլիարդ եվրո՝ նախապես գնահատված պահանջարկի հինգերորդ մասից էլ պակաս։
«REPowerEU-ի մեկնարկից չորս տարի անց դրա իրականացումը կանգ է առել, չնայած այն բանին, որ հասանելի էին մի քանի հարյուր միլիարդ եվրոներ»,- հայտարարել է Եվրոպական հաշվեքննիչ պալատի աուդիտոր Միխայիլս Կոզլովսը։
Նա ԵՄ-ին կոչ է արել քաղել դասեր ստեղծված իրավիճակից և արագացնել էներգամատակարարման դիվերսիֆիկացումը՝ նոր աշխարհաքաղաքական ռիսկերի և էներգետիկ շուկաների վրա դրանց ազդեցության ֆոնին։
Եվրոպական հաշվեքննիչ պալատում նշել են նաև, որ ԵՄ երկրների ազգային էներգետիկ և կլիմայական ծրագրերը քիչ կոնկրետ միջոցառումներ և թիրախային ցուցանիշներ են պարունակում REPowerEU-ի նպատակներին հասնելու համար։
Այժմ եվրոպական էլեկտրացանցերի արդիականացման ծրագրերի հետագա իրականացումը մեծապես կախված կլինի ԵՄ պետությունների պատրաստակամությունից՝ ֆինանսավորելու անհրաժեշտ նախագծերը։ Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը մտադիր են մինչև տարեվերջ ավարտել Եվրամիության ապագա էներգացանցերի վերաբերյալ բանակցությունները։