Անցած շաբաթ օրը Ռուսաստանի կատարած Սթիվ Ուիթքոֆի այցը՝ որպես Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, կարող է լինել վերջինը։ Մոսկվա կատարած ութ այցերը (և ընդամենը մեկը՝ Կիև) ավարտվել են առանց արդյունքի։ Եվ այժմ Սպիտակ տունը դիտարկում է Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների մասնակցությունը բանակցություններին կրճատելու հնարավորությունը, հայտնել են Financial Times-ին այդ ծրագրերին ծանոթ հինգ անձինք։
Պատրաստվում է նախաձեռնությունը ստանձնել ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը՝ մաքոքային դիվանագիտության շրջանակում, իրենց եվրոպացի գործընկերներին հայտնել են նրան մոտ կանգնած ամերիկացի պաշտոնյաները։ Միևնույն ժամանակ Ռեթքլիֆը կշարունակի կապ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ։
Սպիտակ տունը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանել հնարավոր փոփոխությունները։ FT-ի իրազեկ աղբյուրները նշել են, որ Թրամփը դեռ վերջնական որոշում չի ընդունել։ Սակայն Ուիթքոֆին հեռացնելու մասին լուրը խանդավառություն է առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում, որոնք հուսահատ սպասում են թեկուզ որևէ առաջընթացի Ռուսաստանի հետ մեկուկես տարվա անարդյունք բանակցություններից հետո, գրում է թերթը։
Ամերիկացի հատուկ բանագնացների հետ վերջին հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան վստահում է նրանց. «Այստեղ, իհարկե, շատ կարևոր է միջնորդության որակը, վստահությունը նրանց հանդեպ, ովքեր զբաղվում են դրանով։ Ուզում եմ ձեզ ասել, որ մեզ համար հարմարավետ է ձեզ հետ աշխատել, և, անշուշտ, այս աշխատանքի ընթացքում մեր կողմից վստահության մակարդակը բավականին բարձր է»։
Սակայն միաժամանակ Կրեմլը հասկացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի կողմից նոր մոտեցում, պատմել են FT-ին ոչ պաշտոնական շփումներին մասնակցող մարդիկ։ Մոսկվայում Ուիթքոֆին մասամբ պատասխանատու են համարում այն բանի համար, որ Պուտինի և Թրամփի՝ 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպմանը բեկում չեղավ, ըստ ուկրաինացի պաշտոնյաների և Կրեմլի դիրքորոշման մասին տեղեկացված անձանց։ Ուիթքոֆը համոզել էր Թրամփին անցկացնել գագաթնաժողովը՝ հասկացնելով, որ Պուտինը պատրաստ է որոշ զիջումների, մինչդեռ իրականում վերջինս Անքորիջում կրկնել է իր նույն պահանջները, ինչ միշտ։
Իր հերթին, Կիևում կարծում են, որ Ուիթքոֆը բավարար ջանքեր չի գործադրել Պուտինի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի ստիպի նրան մեղմել դիրքորոշումը։
Խաղաղ նախաձեռնությունների կուլիսային քննարկումներին մասնակցած երկու անձանց խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկել էր իր բանակցային թիմում վերադասավորումներ կատարելու հնարավորությունը այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ձախողվել էր համաձայնության հասնելու նախորդ փորձը։ Այս ջանքերը դադարեցվել էին, քանի որ Վաշինգտոնը ամբողջությամբ կլանված էր Իրանի հետ պատերազմով։
Արդյունքում Ռեթքլիֆի և Ուիթքոֆի միջև պայքար է ծավալվել այն հարցի շուրջ, թե ով և որ հարցերում է խաղալու առաջատար դեր, պատմել են FT-ի երկու աղբյուրներ։
Թրամփի բանագնացների՝ Մոսկվա այցից առաջ Ռեթքլիֆը անսպասելիորեն ինքն է մեկնել այնտեղ։ Սակայն, ինչպես հետո պատմել են The Washington Post-ի աղբյուրները, նրա այցը Պուտինի վրա տպավորություն չի գործել, որը, ընդհակառակը, դա ավելի շուտ ընկալել է որպես թուլության դրսևորում և որոշել է գնալ էսկալացիայի՝ ուժեղացնելով Ուկրաինայի գնդակոծությունները։ Այնուամենայնիվ, անցած շաբաթ օրը Ուիթքոֆի և Քուշների այցը, որը, FT-ի աղբյուրների խոսքով, մասամբ փորձ էր ուկրաինական թեման «ամրապնդել» իրենց հետևում, նույնպես որևէ տեսանելի արդյունք չի տվել։