Սոցիալական բյուջեն մեծանում է, կապիտալ ծախսերը՝ կրճատվում․ ո՞ւր են գնում բյուջեի գումարները

2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեից սոցիալական նպաստների և կենսաթոշակների համար ծախսվել է 652.9 մլրդ դրամ՝ մեկ տարում 122.4 մլրդ դրամով կամ 23.1%-ով ավելի։

Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքն ուսումնասիրելիս:

Աճը միայն կենսաթոշակներով չի պայմանավորված։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հիմնական գործոններից մեկն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն է, որի գծով առաջին կիսամյակում ծախսվել է 97.9 մլրդ դրամ։

Աշխատանքային կենսաթոշակների ծախսերն ավելացել են 16.1 մլրդ դրամով, իսկ անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարները՝ 12.9 մլրդ դրամով։

Սոցիալական բյուջեն՝ թվերով

Ցուցանիշ 2025 թ. I կիսամյակ 2026 թ. I կիսամյակ Փոփոխություն
Նպաստներ և կենսաթոշակներ 530.5 մլրդ 652.9 մլրդ 🔺 +122.4 մլրդ / +23.1%
Սոցիալական նպաստներ 262.4 մլրդ 358.5 մլրդ 🔺 +96.1 մլրդ / +36.6%
Կենսաթոշակներ 268.1 մլրդ 294.4 մլրդ 🔺 +26.3 մլրդ / +9.8%
Առողջության համընդհանուր ապահովագրություն 97.9 մլրդ նոր ծախս
Աշխատանքային կենսաթոշակներ 143.8 մլրդ 159.9 մլրդ 🔺 +16.1 մլրդ / +11.2%

Բյուջեի կառուցվածքն ավելի խոսուն է․ սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները կազմել են ընթացիկ ծախսերի 47.8%-ը։ Այսինքն՝ ընթացիկ ծախսերի գրեթե յուրաքանչյուր երկրորդ դրամը բաժին է ընկել այս ուղղությանը։

Միաժամանակ հակառակ պատկերն է կապիտալ ծախսերում։ Մինչ սոցիալական նպաստների և կենսաթոշակների ծախսերը մեկ տարում աճել են 23.1%-ով, կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով կամ 83.7 մլրդ դրամով։

Սա արդեն բյուջետային քաղաքականության ավելի լայն հարց է առաջացնում․ պետական միջոցների աճող մասն ուղղվում է ընթացիկ սոցիալական պարտավորությունների կատարմանը, բայց արդյո՞ք նույն տեմպով ստեղծվում են այն ենթակառուցվածքներն ու կապիտալ ակտիվները, որոնք կապահովեն վաղվա տնտեսական աճը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *