Սեպտեմբերի 12–13-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի միջազգային էթնիկ նորաձևության լայնածավալ նախագիծ՝ «Future of the Past»-ը։
Նախագիծն իրականացվում է «Տերյան մշակութային կենտրոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Վիկտորի Պարկ» ժամանցի այգու համաֆինանսավորմամբ ու գործընկերությամբ։
Երկու օր շարունակ Հայաստանում մեկ հարթակում կհամախմբվեն 11 երկրի՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործներ ու մշակութային ժառանգության պահպանման ոլորտի մասնագետներ։
Մասնակիցները կներկայացնեն ազգային տարազներ, ավանդական արհեստներ և մշակութային ժառանգության հիման վրա ստեղծված ժամանակակից էթնիկ նորաձևության հավաքածուներ։
Նախագիծը մեկ հարթակում միավորում է տարբեր ժողովուրդների մշակութային ինքնությունը, ավանդական գիտելիքը, ձեռագործ վարպետությունն ու նորաձևության ժամանակակից լեզուն։
Մեր նպատակն է ցույց տալ, որ մշակութային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ։ Այն կենդանի, ստեղծագործ և անսպառ աղբյուր է, որը կարող է նոր կյանք ստանալ ժամանակակից արվեստում ու նորաձևության մեջ՝ դառնալով ժողովուրդներին միավորող կարևոր կամուրջ։