Հայաստանում կալանքը դարձել է պատժիչ գործոն իշխանությունների ձեռքին․ Իվետա Տոնոյան

Շուրջ 2 ամիս առաջ, առանց որևէ հիմքի, կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո տեղի ունեցած գործընթացները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական որևէ տրամաբանության չեն ենթարկվում, և այս ամբողջ ժամանակահատվածում տարբեր շրջանակներից մենք մշտապես անասելի մեծ աջակցություն ենք ստացել։ Եվ գաղափար առաջացավ ստեղծելու այնպիսի մի միավոր, որն իր աշխատանքները կիրականացնի ավելի համակարգված և ավելի կանոնակարգված, և ստեղծվեց Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհուրդը, որտեղ ընդգրկված են ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, փաստաբաններ, արվեստի գործիչներ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց խորհրդի համակարգող, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Եվ անմիջապես խորհրդի ձևավորման հենց հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ուղերձով և դիմեց խնդրանք-առաջարկով, որ խորհուրդն ընդլայնի իր գործունեության սահմանները և զբաղվի անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվում պահվող մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերով»,-հավելեց Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա՝ վերջին ժամանակահատվածում իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ ոլորտը։

«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար, որովհետև բոլորն են հասկանում, որ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերում իրավական կոմպոնենտը զրո է, և այստեղ մենք գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ»,- ասաց նա։

Ըստ խորհրդի համակարգողի՝ Հայաստանում կալանքը դարձել է պատժիչ գործոն իշխանությունների ձեռքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *