1 գրամը՝ 59.8 տրիլիոն դոլար. ո՞րն է աշխարհի ամենաթանկ նյութը

BBC Science Focus-ի փորձագետները ներկայացրել են Երկրի վրա ամենաթանկ նյութերի ցանկը, որոնցից շատերը սովորական վաճառքի համար հասանելի չեն։

Ցուցակը գլխավորում է հակամատերիան՝ մեկ գրամի համար անհավանական 59,8 տրիլիոն դոլար արժողությամբ։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1932 թվականին գիտնական Կարլ Անդերսոնի կողմից։

Հակամատերիան կազմված է հակամասնիկներից։ Սովորական նյութի նման այն ունի ատոմներ, որոնք կազմված են անտիպրոտոններից, անտինեյտրոններից և պոզիտրոններից (էլեկտրոնի հակամասնիկը):

Որտե՞ղ է հանդիպում հակամատերիան

Բնության մեջ հակամատերիան առաջանում է, բայց մասնիկի հետ բախվելիս անմիջապես ոչնչանում է: Երկրի վրա այն ի հայտ է գալիս 3 դեպքում.

  1. Մթնոլորտի վերին շերտերում՝ տիեզերական ճառագայթների ազդեցությամբ:
  2. Կայծակի հարվածի ժամանակ՝ կայծակի արձակած գամմա-քվանտները մթնոլորտային ազոտից նեյտրոն են պոկում, ինչի արդյունքում առաջանում են պոզիտրոններ:
  3. Մասնիկների արագացուցիչներում (կոլայդերներում)՝ որպես գիտական փորձերի կողմնակի արդյունք:
  • Հետաքրքիր փաստ. Գիտնականները Fermi տիեզերական աստղադիտակով փնտրում են «անտիաստղեր» և «անտիգալակտիկաներ» (գրանցելով անտիհելիումի միջուկներ), բայց դրանց գոյության հավանականությունը շատ ցածր է:

Որտե՞ղ է այն կիրառվում

  • Բժշկության մեջ (ՊԷՏ / PET սկանավորում). Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան հիմնված է հենց պոզիտրոնների (անտիէլեկտրոնների) վրա: Օրգանիզմ ներարկված ռադիոֆարմպրեպարատը (օրինակ՝ Ֆտոր-18 պարունակող գլյուկոզան) արձակում է պոզիտրոններ: Դրանք բախվում են մարմնի էլեկտրոններին, անիհիլացվում են, իսկ առաջացած գամմա-քվանտների միջոցով սարքը ճշգրիտ ֆիքսում է, օրինակ, քաղցկեղային ուռուցքների տեղակայումը:
  • Էներգետիկայում. Անտինյութն օգտագործել որպես էներգիայի աղբյուր (տիեզերանավերի կամ քաղաքների համար) ներկայումս անհնար է, քանի որ դրա ստացման և պահպանման ծախսերը միլիարդավոր անգամ գերազանցում են ստացվող էներգիային:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *