Պարտքը թանկանում է․ Հայաստանը կես տարում միայն տոկոսների համար վճարել է 182.3 մլրդ դրամ

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կառավարությունը պետական պարտքի սպասարկման համար վճարել է 182.3 մլրդ դրամ։ Խոսքը միայն տոկոսավճարների մասին է՝ առանց պարտքի մայր գումարի մարման։

Մեկ տարվա ընթացքում տոկոսների վճարման ծախսն ավելացել է 12.9 մլրդ դրամով կամ 7.6%-ով 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 169.4 մլրդ դրամ։ 

Այս մասին  BanksNews.am-ը տեղեկանում է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքն ուսումնասիրելիս:

Պարտքի սպասարկումը՝ թվերով

Ցուցանիշ 2025 թ. I կիսամյակ 2026 թ. I կիսամյակ Փոփոխություն
Ընդհանուր տոկոսավճարներ 169.4 մլրդ 182.3 մլրդ +7.6%
Ներքին տոկոսավճարներ 123.7 մլրդ 135.6 մլրդ +9.6%
Արտաքին վարկերի տոկոսներ 32.0 մլրդ 28.2 մլրդ −11.9%
Արտաքին արժեթղթերի տոկոսներ 13.7 մլրդ 18.5 մլրդ +34.8%

Թվերն ավելի խոսուն են մեկ այլ համեմատության դեպքում։ Առաջին կիսամյակում պետական բյուջեից աշխատանքի վարձատրությանը հատկացվել է 122.8 մլրդ դրամ, մինչդեռ պարտքի տոկոսներին՝ 182.3 մլրդ դրամ։ Այսինքն՝ միայն պարտքի տոկոսների համար պետությունը վճարել է 59.5 մլրդ դրամով ավելի շատ, քան աշխատանքի վարձատրության համար։

Տոկոսադրույքը նվազել է, վճարումները՝ աճել

Ուշագրավ է, որ պարտքի սպասարկման ծախսերի աճը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ առաջնային շուկայում դրամային արժեթղթերի տոկոսադրույքները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են 1.7 տոկոսային կետով։

Սակայն ներքին արժեթղթերի տոկոսավճարներն աճել են 9.6%-ով։ Պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ պատճառը գանձապետական պարտատոմսերի ծավալի 177.7 մլրդ դրամով ավելացումն է։

Ավելի արագ՝ 34.8%-ով, աճել են արտաքին արժեթղթերի սպասարկման ծախսերը՝ 13.7 մլրդ դրամից հասնելով 18.5 մլրդ դրամի։ Աճը պայմանավորված է նաև 2025 թվականի առաջին եռամսյակում տեղաբաշխված 750 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի վճարումներով։

Այսպիսով, տոկոսադրույքների նվազումը դեռ չի նշանակում պարտքի սպասարկման բեռի նվազում։ Երբ մեծանում է պարտքային գործիքների ծավալը, աճում է նաև բյուջեից դրանց սպասարկմանը գնացող գումարը։

182.3 մլրդ դրամ՝ կես տարում միայն տոկոսների համար։ Հարցն արդեն ոչ միայն այն է, թե որքան է Հայաստանի պետական պարտքը, այլ նաև՝ պետական բյուջեի որքան մասն է ապագայում ծառայելու այդ պարտքի սպասարկմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *