300 դպրոցի ծրագիրը ավարտում ենք, սկսում ենք ևս 300 դպրոցի ծրագիր․ Փաշինյան

Մենք 2021 թվականից ՀՀ-ում իրականացնում ենք 300 դպրոցի ծրագիր։ Այդ ծրագիրը ավարտում ենք, և սկսում ենք ևս 300 դպրոցի ծրագիր․ այսօր Կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Էն գլխից գիտենք, որ 300 դպրոցի ծրագիրն էլ ավարտենք, ևս 350-400 դպրոցի կարիք լինելու է։ Ոչ մեկ չի հարցնում՝ ինչի՞ Հայաստանում 1000 դպրոցի կարիք կա։ Երկրի դպրոցների 90 տոկոսը պետք է կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել։ Ես չեմ վարանում ասել՝ մենք դպրոցներ ենք բացում։ Մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել։ Ո՞նց կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինի»,- նշել է նա։

Նա անդրադարձել է ուսուցիչների ատեստավորման թեմային, պնդեց՝ ուսուցիչները իշխանությանը պետք էին ընտրակեղծիքների համար։

«Ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին ո՞ր թվից ենք խոսում։ Ասում ենք՝ դասասենյակ մտնող ուսուցիչը պետք է պրոֆեսիոնալ մակարդակ ունենա, որովհետև մենք չենք կարող երեխաների ապագան վստահել՝ առանց լրացուցիչ ստուգումների։ Ի դեպ ուսուցիչները մեղավոր չեն․ 30 տարվա ընթացքում ոչ մեկ մեր ուսուցիչներին չի ասել, որ ձեր հմտությունների վրա պետք է աշխատեք։ Կենաց են խմել, փառաբանել, որովհետև ուսուցիչը իրենց պետք էր ընտրակեղծիքներ բաժանելու համար։ Բա որ ասում ենք կրթվելը նորաձև ա, պետք ա կրթվել՝ ով էր հարձակվում մեր վրա, էս ազգին անկիրթի տեղ են դրե՞լ»,- ասել է Փաշինյանը։

Տեղեկացնենք՝ 91 երկրների շարքում Հայաստանը ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներով հատնվել է վերջին տասնյակում, տարածաշրջանի արդյունքներով վերջին տեղում է։ 15-ամյա հայ աշակերտների միայն 19 տոկոսն է ընթերցանությունից հասել PISA-ի նվազագույն՝ երկրորդ մակարդակին։ Մաթեմատիկայում և բնագիտությունում այդ ցուցանիշը 28 տոկոս է։

Հարևան Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը զգալիորեն բարձր ցուցանիշներ ունեն։ Ադրբեջանում, օրինակ, նվազագույն մակարդակին հասնում է աշակերտների 35 տոկոսը՝ ընթերցանությունում, 48-ը՝ մաթեմատիկայում և 48-ը՝ բնագիտությունում։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *