«Այս երկրում անմեղության կանխավարկածից օգտվում են Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և այլն։ Բա գնանք, նայենք՝ մի խեղճուկրակ մարդու հետ նույն ձևով վարվո՞ւմ են»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին և կալանավորման որոշմանը։
Վարչապետի խոսքով՝ քաղաքական պատասխանատվությունն այն է, որ Գագիկ Խաչատրյանը երբ լինի ազատության մեջ, իրավականի համար սիմուլյանտություն պետք չլինի, «ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի»․ «Վազելով պիտի գնա, նայի՝ իր թոշակը նստել է, թե չի նստել։ Նույնը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին»,- հավելել է նա։
«Էդ մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ։ Սա ի՞նչ տրամաբանություն ա։ Մահամերձ էին, թող ընտրությունների ժամանակ ասեին՝ մահամերձ ենք»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ դատաիրավական համակարգի առաջ շատ լուրջ խնդիր է դրել․ «Ես տեսնում եմ, որ ՀՀ-ում մանկահասակ երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում։ Որովհետև, մեծ հավանականությամբ, նման դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր սոցիալական ամուր թիկունք չունեն։ Բա որ էդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի, ո՞վ է կանգնելու»,- ընդգծել է վարչապետը։
radar armenia