2001 թվականի սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ի նորագույն պատմության ամենածանր և միջազգային հարաբերությունների ամենամեծ շրջադարձային օրերից մեկն է։ Այդ օրը «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության 19 անդամներ առևանգեցին չորս մարդատար ինքնաթիռ և դրանք օգտագործեցին համակարգված ահաբեկչական հարձակման համար։ Զոհվեց 2,977 մարդ՝ 90 երկրներից։
Հարձակումից անցել է 25 տարի, սակայն դրա քաղաքական, ռազմական և անվտանգային հետևանքները շարունակում են զգացվել նաև այսօր։
Տեղական ժամանակով առավոտյան 8:46-ին առաջին ինքնաթիռը՝ American Airlines Flight 11-ը, բախվեց Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակին։ 17 րոպե անց՝ 9:03-ին, երկրորդ ինքնաթիռը՝ United Airlines Flight 175-ը, հարվածեց Հարավային աշտարակին։ Երկու աշտարակներն էլ փլուզվեցին։
Հարձակումների հետևանքով Նյու Յորքում զոհվեց 2,753 մարդ։ Ժամը 9:37-ին երրորդ առևանգված ինքնաթիռը՝ American Airlines Flight 77-ը, բախվել է Պենտագոնին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կենտրոնակայանին։ Այստեղ զոհվել է 184 մարդ։
Չորրորդ ինքնաթիռը՝ United Airlines Flight 93-ը, չհասավ նախատեսված թիրախին։ Ուղևորներն ու անձնակազմի անդամները, տեղեկանալով արդեն իրականացված հարձակումների մասին, փորձեցին դիմադրել առևանգողներին։ Ինքնաթիռը կործանվել է Փենսիլվանիայում։ Զոհվել է ինքնաթիռում գտնվող 40 մարդ։
9/11-ը դարձավ ԱՄՆ տարածքի դեմ իրականացված ամենամեծ արտաքին հարձակումը՝ մարդկային կորուստների առումով։
ԱՄՆ-ի և միջազգային հետաքննությունների համաձայն՝ հարձակումները կազմակերպել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը՝ Ուսամա բեն Լադենի գլխավորությամբ։
Սակայն 9/11-ի պատմությունը չի սահմանափակվում միայն այն հարցով, թե ո՞վ է իրականացրել հարձակումը։ Հետագայում հիմնական հարցերից մեկը դարձավ՝ ինչո՞ւ ԱՄՆ-ի հետախուզական և անվտանգության համակարգը չկարողացավ կանխել այն։
2002 թվականին ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի որոշմամբ ստեղծվել է 9/11-ի անկախ, երկկուսակցական հանձնաժողովը։ Այն ուսումնասիրել է միլիոնավոր փաստաթղթեր, հարցաքննել ավելի քան 1,200 մարդու և անցկացրել հանրային լսումներ։ Հանձնաժողովի վերջնական զեկույցը հրապարակվել է 2004 թվականի հուլիսի 22-ին։
Հանձնաժողովի կարևոր եզրակացություններից մեկն այն էր, որ խնդիրը միայն առանձին գերատեսչությունների սխալները չէին։ ԱՄՆ հետախուզական համակարգում տեղեկատվությունը հաճախ չէր հասնում այն կառույցներին կամ պաշտոնյաներին, որոնք կարող էին ամբողջական պատկեր կազմել սպառնալիքի մասին։ Այլ կերպ ասած՝ համակարգը չէր կարողանում «միացնել կետերը»։
9/11-ից հետո սկսվեց «ահաբեկչության դեմ պատերազմը»
Հարձակումից հետո ԱՄՆ արտաքին և պաշտպանական քաղաքականությունը արմատապես փոխվեց։
Վաշինգտոնը հայտարարեց գլոբալ «պատերազմ ահաբեկչության դեմ», իսկ 2001 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ն ռազմական գործողություն սկսեց Աֆղանստանում՝ «Ալ-Քաիդայի» դեմ և «Թալիբանի» ռեժիմին, որը նրան ապաստան էր տրամադրում,
թիրախավորելու նպատակով։
Հետագայում 9/11-ի ազդեցությունը տարածվեց նաև Իրաքի պատերազմի, Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետության, ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների և միջազգային ռազմական համագործակցության վրա։
Միաժամանակ ԱՄՆ-ում վերափոխվեց ներքին անվտանգության ամբողջ համակարգը։ Օդանավակայանների վերահսկողությունը խստացվեց, ընդլայնվեցին հետախուզական և հակաահաբեկչական գործիքները, իսկ 2002 թվականին ստեղծվեց ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը՝ Department of Homeland Security։
9/11-ը փոխեց ոչ միայն ԱՄՆ-ի անվտանգային քաղաքականությունն, այլև՝ պետության և անհատի հարաբերությունների սահմանները։
Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ընդլայնվեցին պետական վերահսկողության և հետախուզական տվյալների հավաքագրման հնարավորությունները։ Դրան զուգահեռ առաջ եկան մարդու իրավունքների, գաղտնիության, արտադատական ձերբակալությունների և ահաբեկչության դեմ պայքարի իրավական սահմանների վերաբերյալ լուրջ բանավեճեր։
Այս իմաստով 9/11-ը դարձավ երկակի ժառանգություն ունեցող իրադարձություն․ մի կողմից՝ այն ստիպեց պետություններին վերանայել ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմները, մյուս կողմից՝ առաջացրեց հարցեր այն մասին, թե որքան հեռու կարող է գնալ պետությունն՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։
2026 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ն նշում է 9/11-ի 25-րդ տարելիցը։ ԱՄՆ-ում այդ օրը շարունակում է պաշտոնապես հիշատակվել որպես Patriot Day, իսկ սեպտեմբերի 11-ը նաև համազգային ծառայության և հիշատակի օր է։
Նյու Յորքի նախկին Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքում այսօր գործում է 9/11 Memorial & Museum-ը, որտեղ հիշատակվում են հարձակումների բոլոր զոհերը։