Հայաստանի կապիտալի շուկան հետ է մնում երկրի տնտեսության իրական ներուժից․ «Կուբ Ինվեսթ»–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանի կապիտալի շուկայի խորությունը դեռևս հետ է մնում երկրի տնտեսության իրական ներուժից, հայտարարել է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:

«Մեր տնտեսությունը փոքր է, բայց արագ վերափոխվող։ Մեր տեխնոլոգիական ոլորտը միջազգային մակարդակի է։ Բարեբախտաբար, բանկային համակարգը և առհասարակ ֆինանսական համակարգը կայուն է և շատ լավ կարգավորվող։ Միևնույն ժամանակ, կապիտալի շուկայի խորությունը դեռևս հետ է մնում մեր տնտեսության իրական ներուժից»,– ասաց Մարգարյանը Երևանում կայացած «Ներդրումային հորիզոններ 2026» համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով, հենց այս բացն է, որ պետք է լրացնել հետևողական աշխատանքի միջոցով։ Մարգարյանը նշեց, որ կապիտալի շուկան այն օղակն է, որը խնայողությունը վերածում է ներդրման, իսկ ներդրումը զարգացման։

«Առանց այդ օղակի ընկերություններն ավելի դանդաղ են մեծանում, ներդրողներն ընտրում են ավելի սահմանափակ գործիքներից, իսկ տնտեսությունը շարունակում է հիմնականում կախված մնալ ֆինանսավորման մեկ աղբյուրից», – ասաց նա։

Միաժամանակ Մարգարյանն ընդգծեց, որ կապիտալի շուկայի զարգացումն անհնար է ապահովել մեկ կառույցի ջանքերով և պահանջում է ամբողջական էկոհամակարգի ձևավորում։

Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է ամբողջական էկոհամակարգ, վստահություն ստեղծող կարգավորող, շուկայի դերը կարևորող պետություն, զարգացող բորսա, պատրաստ ներդրողներ և ավելի թափանցիկ ու հանրային դառնալու պատրաստ թողարկողներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *